Լեդի Գագան, ով սովորաբար կրում է անհավանական բարձրության կրունկներով կոշիկներ կամ տարօրինակ չափսերի եւ ձեւերի պլատֆորմներ, այսօր մեծ խնդրի առջեւ է կանգնել. “Թվիթեր”-ի իր էջում նա երկրպագուներին հայտնել է, որ այլեւս անկարող է քայլել, իսկ պատճառը հոդերի բորբոքումն է:

 

“Վատ լուր ունեմ ձեզ համար' կապված իմ “Born this Ball” խորագրով շրջագայությունների հետ: Շատ եմ ցավում, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Որոշ ժամանակ ինձ հաջողվեց թաքցնել հոդացավերս ու տարբեր շոուների ընթացքում ստացած վնասվածքներս, բայց այս ամսվա ընթացքում իմ վիճակը կտրուկ վատացել է: Աղաչում եմ միայն, որ ցավը չքվի”,-գրել է երգչուհին:

 

Լեդի Գագան նշել է, թե ավելի շատ անհանգստանում է ոչ թե իր առողջության, այլ հավատարիմ երկրպագուների համար. իր կարծիքով, դավաճանել է նրանց' հետաձգելով Չիկագոյում, Դեթրոյթում եւ Համիլթոնում առաջիկայում կայանալիք համերգները:

 

“Այս խնդիրը թաքցնում էի ինձ հետ աշխատող խմբից, չէի ուզում հիասթափեցնել իմ հիասքանչ երկրպագուներին: Ցավոք, վերջին համերգից հետո արդեն անկարող էի նույնիսկ ոտքի կանգնել: Հիմա նույնպես պառկած եմ: Հուսով եմ, մոտ ապագայում հոդերս կվերականգնվեն, որովհետեւ այնքան եմ զայրանում այս փաստից: Սիրում եմ ձեզ եւ ցավում եմ, որ այսպես ստացվեց”,-գրել է նա: