Նախորդ տարի Ամանորի գիշերն ամուսնացած դերասանուհի Աննա Մովսեսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Քույրը» հեռուստասերիալից, այս Ամանորին արդեն անհամբեր սպասում է առաջնեկի լույս աշխարհ գալուն: Նա հղիության վերջին շրջանում է. փոքրիկի ծնունդը նախանշված է հունվարին:

 

 

Այժմ Իսպանիայում բնակվող Աննան և ամուսինը՝ ռոք երաժիշտ Վրեժը, արդեն ճշտել են բալիկի սեռը: «Ես էլ, Վրեժն էլ, աղջիկ էինք ուզում ունենալ, քանի որ շատ ենք սիրում աղջիկ երեխա և շատ ուրախացանք, երբ պարզեցինք, որ աղջիկ ենք ունենալու: Որոշել ենք նրան Սոֆյա անվանակոչել»,- ESem.am-ին հայտնեց մայրիկը:

 

 

Նոր կարգավիճակում Աննան շատ ուրախ է: «Մինչև հիմա չեմ հավատում, որ ունենալու եմ իմ փոքր տեսակը: Միշտ խոսում եմ իր հետ, երաժշտություն եմ միացնում, որ միասին լսենք: Զգում եմ, որ փոքրիկս շատ չարաճճի է, քանի որ շատ է շարժվում:) Արդեն անհանգստանում եմ, երբ մի քանի րոպե չի շարժվում:)»,- պատմեց նա:

 

 

Դերասանուհին արդեն հասցրել է մի շարք գնումներ անել դստեր համար: «Երբ սեռն իմացա, միանգամից խանութ գնացի և կոշիկ գնեցի իր համար: Հետո պարզվեց, որ մեծ են, բայց չէի պատկերացնում, որ իր ոտքերն ավելի փոքր են լինելու:) Պուճուրի պահարանը քիչ-քիչ լցվում է: Հիմա իր սենյակն եմ պատրաստում»,- ասաց Աննան ու հավելեց, որ այժմ խանութ գնալիս միանգամից մանկական բաժին է մտնում ու իր համար այլևս հագուստ չի գնում:)

 

 

Աննան մեծ ոգևորությամբ է պատրաստվում Ամանորին, չէ՞ որ հաջորդ տարի երեքով են լինելու: «Արդեն զարդարել եմ տոնածառը. շատ եմ սիրում Ամանորը: Այստեղ Ամանորը դեկտեմբերի 24-ին են  նշում: Այդ օրը ևս չենք անտեսի»,- ասաց դերասանուհին, ով առաջին անգամ է տոները նշում Հայաստանից դուրս: Նրա խոսքով՝ Իսպանիայում քաղաքն այնպես չեն զարդարում, ինչպես Հայաստանում: «Այդտեղ շատ սիրուն է, իսկ էստեղ դեռ աշնանային եղանակ է»,- հավելեց Աննան:

Հայաստան վերադառնալու մտադրություն զույգն առայժմ չունի: Աննայի խոսքով՝ դեռ պարզ չէ՝ հնարավո՞ր է մշտական բնակության մնան Իսպանիայում, թե՝ ոչ:

ESem.am-ը թեթև ծննդաբերություն է մաղթում Աննային:

 

 

 

 


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան