«Մանկական եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է: Պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ ‹‹սելֆի վիդեո›› տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը:
Տեսահոլովակի պատրաստումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը:
Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: «Մանկական եվրատեսիլ»-ի այս տարվա տեսահոլովակում հնարավոր է տեսնել նաև մրցույթի նախորդ տարիների մասնակիցներին:
«Երգը կոչվում է «Արևի մարդիկ», որովհետև ես իմ ընկերներին՝ Հայաստանի բոլոր երեխաներին, հենց այդպես եմ անվանում, քանի որ նրանք արևոտ, ուրախ և երջանիկ մարդիկ են: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսին լինի»,-ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր փոքրիկ երգչուհին:
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: