Ֆրանսիայում բնակվող տաղանդավոր երգիչ-երգչուհիները որոշել են անակնկալ մատուցել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին: Տարբեր ոճերում հանդես եկող արտիստներն իրենց ձևով մատուցել և ձայնագրել են անվանի երգչի ստեղծագործությունները, որոնք ամփոփվելու են «Ազնավուր. նրա երիտասարդությունը» /Aznavour, Sa jeunesse»/ կոչվող ձա յնասկավառակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ձայնասկավառակը հասանելի կլինի նոյեմբերի 24-ից: Այն արտադրում է «Millenium Barclay / Universal» ապրանքանիշը: Ձայնասկավառակի խորագիրը վերցվել է Ազնավուրի երգերից մեկի վերնագրից:
Համացանցում արդեն կարելի է լսել ձայնասկավառակի երգերից «Emmenez-moi»-ն՝ Vitaa-ի կատարմամբ: Տարբեր արտիստներ կատարում են անվանի հայի «Sa jeunesse», «Mon fol amour», «La bohème», «For me, formidable», «À ma fille», «Désormais», «La mamma», «Les deux pigeons», «Ay! mourir pour toi», «Yerushalaim», «Parce que», «Et pourtant», «Hier encore» գործերը: Ձայնասկավառակի միակ անգլալեզու երգը հանրահայտ «She»-ն է, որը կատարում է The Shady Brothers-ը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Նա այս տարի համերգներով հանդես է գալիս աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ է ունեցել նաև Հայաստանում: