Ակումբային երաժշտության սիրահարներին հայտնի DJ Smoke-ը` Արմեն Ալքամյանը, վերջերս մկրտել է որդուն` չորս ամսական Դանիելին: Փոքրիկի կնքահայրն ու կնքամայրը դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն են, ում հետ Արմենը մտերիմ է արդեն 6 տարի:
«Բավականին ժամանակ է, ինչ ճանաչում եմ նրանց, մեր ընտանիքի մտերիմ ու հավատարիմ բարեկամներն են, իմ շատ լավ ընկերները: Այս կերպ ես ավելի ամրապնդեցի մեր այսքան տարիների մտերմությունը, ինչի համար շատ ուրախ եմ»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց DJ Smoke-ը:
Արմենն ու կինը` դասական երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, հապճեպ են կայացրել որդուն կնքելու որոշումը: «Չէինք պլանավորում այս տարիքում կնքել Դանիելին, բայց հանգամանքները մեր փոխարեն որոշեցին:) Քույրս պիտի ամուսնանա և երկրից մեկնի, և որոշեցինք Դանիելին կնքել քանի դեռ հորաքույրը Հայաստանում է: Բացի այդ, նրա ամուսնանալու առիթով մեր մյուս հարազատներն էլ են ժամանել արտերկրից»,- նշեց Արմենը:
Մկրտությանը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Արարողությանը հաջորդած միջոցառմանը ներկա է եղել 250 հյուր, այդ թվում` մի շարք հայտնիներ`Սարգիսն ու Մանոն, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Ռոլանդ Գասպարյանը՝ սիրելիի հետ, Միշոն` նշանածի հետ, Արմուշը և այլք: Ըստ Արմենի` խնջույքն անցել է ակումբային երաժշտության ներքո:
Անդրադառնալով ստեղծագործական կյանքին DJ-ն ասաց, որ այժմ զբաղված է նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներով: Նրան այդ հարցում օգնում է մտերիմ ընկերը` երաժիշտ Էմանուելը: «Այժմ ինձ մոտ աշխատանքային լարված շրջան է: Տարեսկզբին կթողարկվի իմ նոր ալբոմը, որը բաղկացած է ութ երգից՝ ժողովրդական հին երգերի միքսերից: Ներկայացնելու ենք այնպիսի գործեր, որոնք դուր կգան նույնիսկ ամենաբծախնդիր ունկնդրին:) Հնարավոր է՝ ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանենք, բայց դա դեռ հստակ չէ. ամեն բան կախված է ժամանակից ու ծանրաբեռնվածությունից»,- հավելեց DJ-ը:
Արմենը հայտնեց, որ համագործակցություններ են սպասվում հայտնի ջազ երգչուհիների հետ, բայց առայժմ չցանկացավ բարձրաձայնել, թե որ երգչուհիների:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը