Ավարտվել Է Նյու Յորքի ամենաբարձր բնակելի երկնաքերի՝ «Պարկ-ավենյու 432»-ի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հաղորդել է կառուցապատող ընկերության ղեկավար Հարի Մաքլոուն:
Գտնվելով Պարկ ավենյուի 56-րդ եւ 57-րդ փողոցների միջեւ՝ Մանհեթենի կենտրոնում, աշխարհում պերճանքի լավագույն խանութների մոտ, գերժամանակակից 96-հարկանի երկնաքերը վեր է խոյանում մոտավորապես 426 մետր: Ներկայում շենքն առայժմ անվանում են «Պարկ-ավենյու 432»՝ այն հասցեի անունով, որտեղ այն գտնվում Է: Երկնաքերի ձեւավորմամբ զբաղվում է ծնունդով Հունգարիաից Ռաֆայել Վինյոլին, որը քառակուսի պերճաշուք աշտարակ է կառուցել բետոնից, պողպատից եւ ապակուց:
Ինչպես սպասվում Է, Էլիտար նորակառույցի բակիչները կկարողանան այցելել մասնավոր ռեստորան, այգի, սպա և ֆիթնես կենտրոն՝ սաունայով, մերսման առանձնասենյակներով, շոգեբաղնիքով, լողավազանով, գրադարանով, մանկական խաղասենյակով և բիլիարդի սրահով: Բացի դրանից, այնտեղ նաև պլանավորվում է տեղավորել գինու մառան, պատշգամբ զբոսանքների համար և գոլֆի խաղահրապարակներ:
«Մենք հպարտանում ենք, որ ստեղծել ենք մի երկնաքեր, որը տեսանելի կլինի Նյու Յորքի բոլոր հինգ շրջաններից եւ կզարդարի քաղաքի ուրվապատկերը»,- հայտարարել է Մաքլոուն, որի խոսքը մեջբերում է բրիտանական Daily Mail թերթը:
Առաջին բնակիչները շենքում բնակություն կհաստատեն մոտավորապես մեկ տարի հետո: Ընդհանուր առմամբ երկնաքերում կա 104 բնակարան՝ 7-ից մինչև գրեթե 80 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: