Լոռու մարզային գրադարանում կայացել է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջևանագետ Արգամ Այվազյանի հեղինակած «Բանտված աշխարհ» ֆիլմաշարի «Խզված մեղեդի` Ջուղա» երկու մասից բաղկացած  տեսաֆիլմի  ցուցադրությունը` որպես մշակութային ցեղասպանության օրինակ:

 

Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, շուրջ 700 լուսանկարների միջոցով հեղինակը ներկայացրել է Ջուղայի պատմական անցյալը, նրա հռչակավոր գերեզմանատան հուշարձանների ավերումը, Ջուղայի խաչքարերի արվեստը:

 

Լուսանկարները, որոնք ֆիլմի նկարահանման փաստավավերագրական հենքն են, հեղինակի անձնական արխիվից  են: 1970-1987թթ. Արգամ Այվազյանը բազմիցս եղել է Ջուղայում և Ջուղայի վերաբերյալ 5 գիրք է հրատարակել: Ֆիլմում օգտագործվել են Ջուղայի հուշարձանների ուսումնասիրման գործում մեծ ավանդ ներդրած հայ մշակույթի երախտավոր Արամ Վրույրի` 1915թ. կատարած որոշ լուսանկարներ: Ժամանակին Արամ Վրույրը  Ջուղան համեմատել է Անիի հետ. «Անչափ հետաքրքիր է Ջուղան, մի փոքրիկ Անի, և կարծեք ավելի ճոխ»,-գրել է Վրույրը 1912թ. Նիկողայոս Մառին ուղղված նամակում:

 

Ֆիլմի ցուցադրությունն անցել է բավականին հետաքրական մթնոլորտում, ներկաները` մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ, նաև ելույթներ են ունեցել: Արգամ Այվազյանը պատասխանել է հնչած հարցադրումներին: