Աթենքի «Տանաոս» կինոսրահում կայացել է  Գերմանիայում բնակվող թուրք ռեժիսոր ֆաթիհ Աքինի Սպի (The cut) ֆիլմի պրեմիերան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատ օր»-ը, ցուցադրությանը ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալեչյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն լրագրողներ, դերասաններ եւ ռեժիսորը:

 

Մինչ ֆիլմի ցուցադրությունը, Ֆաթիհ Աքինը խոսել է ֆիլմի ստեղծման պատմության մասին` շեշտելով, որ ֆիլմով ցանկացել է թուրք եւ օտար հանդիսատեսի ուշադրությունը գրավել պատմական եղելության վրա: Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը պետք է ներկայացվի համայն մարդկությանը` հատկապես որ ներկա ժամանակաշրջանում աշխարհի տարբեր ծայրերում շարունակվում են մարդկության դեմ հանցագործությունները:

 

«Նման ոճիրների ճիշտ լուսաբանումը նման հանցագործությունները կանխելու լավագույն միջոցն է, իսկ անցյալի ճանաչումը միակ ճշմարիտ ձեւն է»,- ասել է ռեժիսորը: Ցուցադրության ավարտին հույն լրագրողի հարցին, թե ինչու ֆիլմում չի գործածել Հայոց ցեղասպանություն բառը, Աքինն ասել է, որ չի ցանկացել հենց սկզբից թուրք հանդիսատեսին տրամադրել ֆիլմի դեմ, այլ ընտրել է Ցեղասպանության իրողությունը պատմելու տարբերակը: Մարտի 5-ից ֆիլմը կցուցադրվի Աթենքի կինոթատրոններում, իսկ մարտի 23-ից` Սալոնիկում: