Սաութհեմփթոնի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մարդու գիտակցությունը կարող է մի քանի րոպես գործել ուղեղի մահվանից հետո, տեղեկացնում է «Արմեպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

 

Հրատարակությունը նշում է, որ դա այս պահին նման կարգի խոշորագույն հետազոտությունն է:  

Բրիտանացի մասնագետները չորս տարվա ընթացքում ուսումնասիրել են երկու հազար մարդկանց տվյալներ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրիայի 15 հիվանդանոցներում, որոնց բժիշկներն արձանագրել են սրտի կանգ: Ողջ մնացածների մոտավորապես քառասուն տոկոսն այս կամ այն կարգի «գիտակցության» առկայություն Է նկարագրել սրտի կանգի եւ դրա վերագործարկման միջեւ ընկած ժամանակահատվածում:

 

Որպես օրինակ գիտնականները բերում են այն փորձը, որը նկարագրել Է 57-ամյա մի սոցիալական աշխատող Սաութհեմփթոնից: Նրա խոսքով՝ կլինիկական մահվան ժամանակամիջոցում ինքը եղել է «մարմնից դուրս» և իբր կարողացել է տեսնել, թե ինչպես են իրեն կյանքի վերադարձնում: Գիտնականները նշել են, որ նրա պատմածի մանրամասները համապատասխանում են այն բանին, ինչ իրականում այդ պահին տեղի Է ունեցել սենյակում:   

 

«Մենք գիտենք, որ ուղեղը չի կարող գործել այն բանից հետո, երբ սիրտը դադարում է բաբախելուց,- հայտարարել է հետազոտությունների հեղինակներից մեկը՝ դոկտոր Սեմ Փառնիան:- Բայց այս դեպքում գիտակցությունը, կարծես, շարունակել է գործել առնվազն երեք րոպե, թեև ուղեղը սովորաբար անջատվում է սրտի կանգից հետո 20 – 30 վայրկյանի ընթացքում»:

 

Դոկտոր Փառնիայի խոսքով՝ ինքը հուսով է, որ հետագա հետազոտությունները կօգնեն պատկերացում կազմելու այն մասին, թե  մարդու գիտակցության հետ իրականում ինչ է տեղի ունենում մահվանից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: