Բազմաթիվ երգերի հեղինակ, հաղորդավար և ուղղակի տաղանդավոր մարդ Ավետ Բարսեղյանը, ով այժմ վարում է X Factor երաժշտական նախագիծը, հայկական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա միշտ հանրության ուշադրության կենտրոնում է և սիրված է շատերի կողմից:
Ավետ Բարսեղյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է իր առաջիկա ծրագրերի, աշխատանքային գործունեության մասին, հայտնել, թե ով կամ ինչն է իր ներշնչանքի աղբյուրը:
-Ավետ, այժմ վարում եք X Factor երաժշտական նախագիծը, այն ավարտվելուց հետո կա՞ն նոր ծրագրեր, առաջարկներ:
-Այն ավարտելուց հետո կլինեմ Հանրայինի եթերում: Առայժմ ոչ մի հստակ նախագիծ չկա, բայց այն, որ Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում կլինի նախագիծ իմ մասնակցությամբ, հաստատ է:
-Բացի հաղորդավար լինելուց, երգերի բառերի եք գրում, Դուք դրան որպես աշխատանքի՞ եք վերաբերվում, թե ուղղակի սիրած զբաղմունքի:
-Ճիշտն ասած՝ որպես աշխատանքի, քանի որ այն վաղուց հոբբիից վերածվել է աշխատանքի:
-Իսկ կա՞ն երգեր, որոնք արդեն ձայնագրվում են: Վերջին ժամանակներս ո՞ր աստղերի հետ եք աշխատել:
-Այո, իհարկե, կան: Ես անընդմեջ աշխատում եմ մեր բոլոր երգիչ-երգչուհիների հետ: Առաջիկայում ևս նոր երգեր կլինեն:
-Ավետ, ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ներշնչանքի աղբյուրը: Ե՞րբ եք գրում, ինչ-որ կոնկրետ հոգեվիճակու՞մ, թե՞ ցանկացած պահիկարող եք գրել:
-Կյանքը, կյանքն ինքն ընդհանրապես:Գիտե՞ք ինչ, լավ է, երբ կա ոգեշնչման աղբյուր, բայց երբ գրելը քո մասնագիտությունն է դառնում, պետք է գրել ցանկացած ժամանակ՝ գիշերը, ցերեկը, լավ կամ վատ տրամադրությամբ: Երբ պետք է հաղորդում վարես, կապ չունի՝ ինչ տրամադրություն ունես, ուղղակի բարձրանում ես բեմ և սկսում վարել:
-Պատահե՞լ է, որ երկար ժամանակ չեք գրել: Պարզապես հոգեպես ի վիճակի չեք եղել:
-Բնականաբար: Լինում են պահեր, երբ ներշնչանք չկա, երբ բառ, խոսք, գաղափար չես կարողանում գրել, կամ ծնվում են շատ անհետաքրքիր ստեղծագործություններ: Վերջին հաջողված ստեղծագործություններից կարող եմ առանձնացնել «Բալլադ զինվորի մասին» գործը՝ մեր զինվորների մասին:
-Իսկ ուրիշ ո՞ր բնագավառում է Ավետ Բարսեղյանն իրեն պատկերացնում, կա՞ այնպիսի մի ասպարեզ, որտեղ կուզենայիք Ձեր ավանդն ունենալ:
-Անկեղծ ասած՝ ոչ: Փոքրուց որտեղ ինձ տեսել, պատկերացրել եմ, այնտեղ էլ գտնվում եմ:
-Կգա՞ մի օր, երբ Ձեզ չենք տեսնի հեռուստատեսությունում: Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել նման որոշում կայացնել:
-Ա-ա՝յ, չեմ կարող ասել: Ճիշտն ասած, ես վաղուց արդեն սովորել եմ ապագայի հաշվով ոչ մի կանխորոշում չանել: Չգիտեմ՝ ինչը կարող է ստիպել, կամ ինչ կպատահի: Գուցե գա ժամանակահատված, որ հեռուստատեսությանը «ցտեսություն» ասեմ:
-Իսկ Ավետ Բարսեղյանի սիրտը զբաղվա՞ծ է:
-Դեռ ոչ: Այն դեռ ազատ է: