Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկական թատրոնում «Հայ երգի օր» խորագրով միջոցառմամբ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր փակումը: Միջոցառումը նվիրված է եղել ժամանակակից հայկական դասական երաժշության հիմնադիր Կոմիտասի 145-ամյա հոբելյանին: Երեկոյի ընթացքում հնչել են տարբեր ժանրերի կոմիտասյան ստեղծագործություններ, փոքրիկ ակնարկ է կատարվել Կոմիտասի կյանքին, թողած ժառանգությանը, ներկայացվել են հատվածներ հայ մշակույթին վերաբերող նրա խոսքերից:
Միջոցառումն սկսվել է Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարախմբի ելույթով: Համերգային ծրագրում ելույթ են ունեցել Լոս Անջելեսի համալսարանի պրոֆսոր, երգչուհի Մարգարիտ Շահինյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սամվել Գալստյանը:
Կոմիտասյան երգերի և մյուս հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել փառատոնի մյուս մասնակիցները՝ Լիբանանից Շողիկ Թորոսյանը և Ավետիս Մելքոնը, Թուրքիայից՝ Արթուր Բաղդասարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի անսամբլը, «Զվարթնոց» քառյակը, Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը և ուրիշներ:
Երեկոն վարել է ՀՀ վաստակաոր արտիստ Սարգիս Նաջարյանը: Վերջում բեմ են հրավիրվել միջոցառման բոլոր մասնակիցները:Միջոցառումն ամփոփել է ՀՀ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը նշել է, որ Կոմիտասը՝ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը¸ երգով վերծանեց հայի ոգին, խորապես ուսումնասիրեց իր նախորդների ներդրումը հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման մեջ և ստեղծեց նոր ազգային երաժշտական դպրոց` ամբողջ աշխարհին ապացուցելով, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր մենք ավարտում ենք հուլիս ամսից մինչ օրս ձգվող մշակութային միջոցառումների շարքը: Պարարվեստի, երգչախմբային արվեստի օրերի և դուդուկի փառատոնի շրջանակներում մենք հնարավորություն ունեցանք վայելելու Հայրենիքի և Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցների կատարումները: Այսօր էլ, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ: Կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը հոգևոր կենսավիշ է ներարկում Սփյուռքում ապրող, մեր հայրենակիցներին և դառնում ամուր պատնեշ` ընդդեմ օտար անբարենպաստ ազդեցությունների»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, հույս հայտնել, որ բոլոր մասնակիցները կգործեն առավել ակտիվ և կդառնան հայապահպանության երաշխավորներ: