«Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Այս ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված է նաև պատանի երգչուհի Լիդուշիկը: ESem.am-ը նրա հետ խոսել է մարմնավորած կերպարի, գործընկերների հետ հարաբերությւոնների և արկածներով լի նկարահանումների մասին:

 

 

«Առաջին անգամ էի որպես դերասանուհի հանդես գալիս: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը եղել է ֆիլմի ստեղծագործական անձնակազմի կողմից: Սցենարին ծանոթանալուց հետո մի քանի տեսարան փորձեցինք, ու երբ հասկացա, որ ինձ մոտ կստացվի՝ համաձայնեցի: Նկարահանումներն այնքան անմիջական ու ջերմ մթնոլորտում էին անցնում, որ ընդհանրապես չեմ կաշկանդվել: Խաղընկերներիս մեծ մասին վաղուց եմ ճանաչում և ընկերներն ենք. միջավայրը շատ լավն էր, և ինձ մոտ ամեն բան շատ լավ ստացվեց: Միանգամից ադապտացվեցի ու կարողացա պատվով դուրս գալ ինձ վստահված գործից»,- ասաց Լիդուշիկը:

 

 

Լուրջ ու հավասարակշռված Լիլիթի կերպարում հանդես եկող երգչուհին ասաց, որ կերպարը որոշ չափով նման է իրեն, որոշ չափով` ոչ: «Ֆիլմում ես ավելի լուրջ եմ ու ինձ մեծ աղջկա տեղ եմ դնում, փորձում եմ առաջնորդել ընկերներիս ու նրանց մեծական խորհուրդներ եմ տալիս, իսկ իրականում ես այդպիսին չեմ:)»,- նշեց նա:

 

 

Լիդուշիկի մասնակցությամբ տեսարանների նկարահանումները տևել են մոտ տասն օր, որոնք, ըստ նրա, անմոռանալի են դարձել: «Ճիշտ է, այդ օրերին գրաֆիկս շատ ծանրաբեռնված էր, պետք է հասցնեիք իմ մասնակցությամբ բոլոր տեսարանները նկարահանել, և ես մեկնեի Յալթա, բայց շատ լավ, ուրախ օրեր ապրեցի. այնքան ծիծաղացեցինք:) Մեր ծիծաղի պատճառով, ռեստորանային մի տեսարանի նկարահանումը  մոտ երկու ժամ ձգձգվեց»,- պատմեց  երգչուհին:

 

 

Երգչուհին անհամբերությամբ է սպասում ֆիլմի պրեմիերային: «Մինչ մեծ էկրան բարձրանալը մենք էլ չենք տեսնելու ֆիլմը, դրա համար ես էլ եմ անհամբերությամբ սպասում պրեմիերային: Կերպարիս հետ կապված այլ մանրամասներ կբացահայտվեն այդ օրը: Հուսամ` հանդիսատեսը կհավանի»,- հավելեց նա:

 

 

«Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում իր մասնակցությունը մեծ փորձ համարող Լիդուշիկի հավաստմամբ՝ ինքը ֆիլմերում նկարահանվելու ցանկություն միշտ ունեցել է, հետագայում էլ, հազիվ թե, հրաժարվի նման գայթակղիչ առաջարկներից:)


Ներկայացրեց Մերի Պողոսյանը