Տասնմեկ երկրներում նկարահանված «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը ներկայացվեց հանրությանը: Երևանի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակին արժանացած Ռուբեն Գինեյի կինոնկարի ցուցադրությանը մասնակցեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: 


Ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ Ռուբեն Գինեյը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կինոնկարի նկարահանումներն սկսվել են 2011 թվականին: «Միտքն առաջացավ այն ժամանակ, երբ Շանհայի թանգարանում պարթևական դրամներ տեսա: Որոշեցի անել 10-15 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ հայերը Չինաստանում խորագրով: Չէի պատկերացնում, որ ֆիլմը կդառնա երեք տարվա աշխատանք: Այն նկարահանվել է 11 երկրներում: Վերջին տարիներին Չինաստանը մեծ դեր է խաղում աշխարհում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Գինեյը:


Նրա խոսքով՝ ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և ներկայացվելու է 11 կինոփառատոնների: «Կցանկանայինք, որ այն ներկայացվեր այն երկրներում, որտեղ նկարահանվել է: Ֆիլմի տևողությունը երկու ժամ է. շատ բան ենք հեռացրել մոնտաժի ժամանակ, հակառակ դեպքում` վեց  ժամանոց կինոնկար կլիներ»,- ընդգծեց ռեժիսորը:

 

Գինեյի հավելեց, որ ֆիլմին զուգահեռ կատարվել են նաև հետազոտական աշխատանքներ:

Ֆիլմն Ասիա աշխարհամասի հեռավոր անկյուններն ուղղված ճանապարհորդության գրավիչ փորձ է՝ մեկ հարց լուծելու մտահոգությամբ. ինչպե՞ս է հայերին հաջողվել դեռ բացահայտումների դարաշրջանից առաջ Արևելքը կապել Արևմուտքին:

 

Երկու տարվա ընթացքում խումբը նկարահանումներ է կատարել 11 երկրներում և տարածաշրջաններում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Տիբեթում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Դոմինիկյան Հանրապետությունում: Եզակի արխիվային նյութերի պրպտումներում ձեռագրեր, անձնական օրագրեր ու նոթեր են ներկայացվում Փարիզի, Լոնդոնի, Մեխիկոյի, Լիսաբոնի գրադարաններից: Այս ուսումնասիրությունների արդյունքները ակադեմիական ակնարկի հիմք են դարձել:

Ռուբեն Գինեյը ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Շանհայում: Սկսել է կինո նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-անոց ժապավենով ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի մանկական ԿՓ-ում: Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելն սկսել է հաճախել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 2002-ին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Եղել է այնպիսի ռուս ռեժիսորների կրտսեր օգնականը, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը և Իգոր Մասլեննիկովը:

 

2005-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ աշխատանքի է անցել Kuiyou Production House միջազգային գովազդային ընկերությունում՝ որպես գեղարվեստական ղեկավար: Այդ շրջանում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ այնպիսի միջազգային ընկերությունների համար, որպիսիք են «Պանասոնիկը», «Ասահի»-ն, «Մք'Դոնալդսը», «Շիսեյդո»-ն, «Հոնդա»-ն, «Տոշիբա»-ն: 2010-ից մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիաների և խաղարկային ֆիլմերի ստեղծմանը: «National Geographic» հանդեսի հետ համագործակցող անկախ լուսանկարիչ է,  մի շարք գիտական հոդվածների հեղինակ: