Հոկտեմբերի 16-18-ը Թբիլիսիի համերգային սրահում (Ֆիլհարմոնիա) կկայանա կինո և հեռուստաօպերատորների «Ոսկե աչք» չորրորդ միջազգային փառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
«Փառատոնը հիմնվել է 2009 թվականին և անցկացվում է ամեն տարի: Տարեցտարի նրա նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Մենք սեպտեմբերից 6-ից սկսել ենք մրցույթի մասնակիցների գրանցումը: Հայտեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Դանիայից, Մակեդոնիայից և այլն: Մենք գրանցման շատ ճկուն համակարգ ունենք: Այս տարի մեծ ակտիվություն ենք ակնկալում»,-հայտարարել Ինովացիոն տեխնոլոգիաների միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւան Կացաձեն:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին, կկարողանան մինչև սեպտեմբերի 20-ը գրանցում անցնել միջոցառման պաշտոնական կայքում (http://goldeneye.ge/) և նշված ժամկետներում ներկայացնել մրցութային աշխատանքը:
Փառատոնի ժյուրին հաղթողներին կորոշի հետեւյալ անվանակարգերում՝ լավագույն կինոօպերատորական աշխատանք, լավագույն հեռուստաօպերատորական աշխատանք, ռիսկային կադր, լավագույն ուսանողական աշխատանք: Լավագույն աշխատանքի հեղինակը, ժյուրիի հատուկ համակրանքի դեպքում, կստանա «Ոսկե աչքի» գրան պրին:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն կրթական տարբեր միջոցառումներ, ինչպես նաև միջազգային ցուցահանդես, որտեղ կներկայացվի աշխարհի առաջատար արտադրողների տեխնիկան: Հատուկ հրավիրված հյուրերը վարպետության դասեր կանցկացնեն կինո և հեռուստաինդուստրիայի աշխատողների համար: