«Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացրած 12-ամյա Դավիթ Վարդանյանը պայմանագիր է կնքել Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայի հետ: Պատանին դարձել է հեղինակավոր ակադեմիայի սաներից մեկը: Դավիթը տարվա ընթացքում 2-3 անգամ մասնակցելու է տարատեսակ սեմինարների, որոնք կանցկացնեն տարբեր մասնագետներ:


Պատանի երգիչը շատ է ուրախացել այս փաստից: «Շատ ուրախ եմ և հպարտ, որ Իգոր Կրուտոյի ակադեմիայի սան եմ դարձել, դա ինձ համար մեծ պատիվ է: Հնարավոր է, որ նոյեմբերին Բուլղարիայում կազմակերպվի առաջին սեմինարը: Անհամբեր սպասում եմ, թե երբ կմեկնեմ Բուլղարիա, կմասնակցեմ սեմինարների, այնուհետև կտեսնեմ տարբեր երկրներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դավիթ Վարդանյանը:

 

Պատանի երգչի խոսքով՝ ինքը շատ լավ ժամանակ է անցկացրել Ղրիմում: «Մանկական նոր ալիք»-ի մասնակիցներս մոռացել էինք մրցակցության մասին, ընկերություն էինք անում և միայն բեմի վրա զգում, որ մրցում ենք: Մի փոքր տխրեցի, քանի որ Հայաստանիս հաղթանակ էի ցանկանում բերել, սակայն չստացվեց, բայց իմ երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի  և այլ մասնագետների համոզմամբ՝ ես շատ լավ ներկայացրի իմ երկիրը: Ես չեմ նահանջելու և այն բոլոր մրցույթներին, որոնցում հանդես եմ գալու, Հայաստանի անունը միշտ բարձր եմ պահելու»,-վստահեցրեց Դավիթ Վարդանյանը:

 

Պատանին խոստովանում է, որ «Մանկական նոր ալիք»-ի առաջին մրցույթային օրը փոքր-ինչ հուզվել էր:  «Մտածում էի, որ պետք է լավ ելույթ ունենամ: Դահլիճում 8 հազար մարդ էր նստած և պրոֆեսիոնալ ժյուրին: Մի ամբողջ ազգ էի ներկայացնում, և երկրիս պատիվը պետք է բարձր պահեի»,-հավելեց նա:

 

Մրցույթի ընթացքում Դավիթը հիվանդացավ: Նրա ծնողների համար բավականին դժվար օրեր էին: «Դավիթը երեք-չորս օր փորձերին լավագույնների ցանկում էր, հետո հանկարծ հիվանդացավ: Բժիշկը հետազոտեց նրան և ասաց, որ երեխան 10 օր չպետք է երգի: Մենք սթրեսի մեջ էինք, Դավիթը սենյակից դուրս չէր գալիս: Սակայն մրցույթից երկու օր առաջ ամեն ինչ հարթվեց, և նա մի կերպ դուրս եկավ վատ վիճակից»,-մեզ հետ զրույցում նշեց Դավթի մայրիկը՝ Արմինե Վարդանյանը:

 

«Մանկական նոր ալիք»-ից հետո Դավիթը մեկնել է Տուապսե և հանդիպել տեղի հայկական համայնքի հետ, մի քանի երգ է կատարել:

 

Պատանի երգիչը շարունակելու է հանդես գալ իր կատարումներով և մասնակցել մրցույթների: Դավիթը ցանկանում է հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնել Հայաստանը:

 

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գրիգոր Կյոկչյանին, ծնողներիս, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, Սոս Սարգսյանի տիկնոջը՝ Նելլի Սարգսյանին: Շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին այս ամբողջ ընթացքում իմ մասին Հայաստան լուրեր հասցնելու համար»,-եզրափակեց Դավիթ Վարդանյանը:

 

 «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվեց Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ըԲուն մրցույթը տեղի ունեցավ օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես եկան անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:


Դավիթ Վարդանյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավորով գնահատեցին: Մրցույթում հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն:


Ռոզա Գրիգորյան