Սեպտեմբերի 1-ը տոնական է եղել սցենարիստ Դիանա Գրիգորյանի ընտանիքում: Նրա երկու երեխաները` փոքրիկ դերասաններ Շարլն ու Ալլան երեկ դպրոց են գնացել. օրն առավել նշանակալից է եղել Շարլի համար, ով իր առաջին քայլերն է արել դպրոցում, իսկ Ալլան արդեն չորրորդ դասարան է:

«Մինչ այս Շարլը 2 տարի այցելել էր կրթահամալիր, որը համահավասար է դպրոցին: Այդ առումով իր համար առանձնահատուկ որևէ բան չկար: Իր լրջությունը, պատասխանատվության զգացումը նույնն էր, նույնիսկ վաղ առավոտյան արթնանալն իր համար  արտասովոր չէր»,- ասաց մայրն ու հավելեց, որ Շարլը պատասխանատվության մեծ զգացում ունի և չի սիրում ուշանալ:

 

 

Դիանայի նշեց, որ թե՛ ուսուցչուհու, թե՛ Շարլի խոսքով` առաջին օրը դպրոցում բավականին լավ է անցել. «Շարլը շատ շփվող ու ընկերասեր է, ցանկացած շրջապատում շատ արագ է ընկերներ ձեռք բերում: Կարծում եմ` դպրոցում էլ բավականին հեշտ կլինի»:

 

Սցենարիստի որդին ընդունվել է Չեխովի անվան դպրոց: «Ներքին համոզմունք ունեի, որ դա բավականին լավ կրթօջախ է, աղջկաս տարա այնտեղ ու համոզվեցի դրանում: Շարլի դեպքում այլևս չունեի այդ մտավախությունն ու ինձ համար այլևս չկար երկրորդ տարբերակ: Ես շատ գոհ եմ այս դպրոցից: Այստեղ առավել կենտրոնացած են օտար լեզուների ուսուցման վրա: Իրենց դասագրքերը համեմատելով այլ դպրոցների դասագրքերի հետ` ևս հասկանում եմ դա»,- նշեց նա:

 

 

Շարլն ու Ալլան ինքնուրույն են ընտրել դպրոցական պարագաները: Ըստ մայրիկի` պետք է թույլ տալ, որպեսզի երեխայի մոտ ճաշակ ձևավորվի` խթանելով, որ այն բարձր լինի: Դիանայի խոսքով` նույնիսկ պայուսակի ընտրությունը Շարլն այստեղից արել է, հայրն ԱՄՆ-ից ուղարկել է:

 

Դիանան նշեց, որ Ալլան շատ է սիրում դպրոցը և մեծ անհամբերությամբ ու ոգևորությամբ է սպասել սեպտեմբերի 1-ին, թեև երեկ շատ կարճ է մնացել դպրոցում: «Երեխաներն առաջիկայում պետք է մեկնեն ԱՄՆ և դեսպանատան հետ կապված որոշակի փաստաթղթային հարցեր ունեինք. պարտադիր պետք է ներկա լինեինք, դրա համար Ալչկան մինչև վերջ չնստեց դասի»,- ասաց Դիանան:

 

 

Մոր խոսքով` հայտնիությունը չի խանգարում կամ օգնում երեխաներին: «Իրենք չեն նկատում իրեն հայտնի լինելը: Գուցե ինչ-որ մարդիկ թերահավատորեն մոտենան, սակայն նրանք իսկապես մոռանում են այդ փաստը: Երբ ինչ-որ տեղ ենք գնում, իրենք են գնում, ծանոթանում հասակակիցների հետ, նույնիսկ, երբ մարդիկ հավաքվում են իրենց գլխավերևում, ասում, որ սիրում են իրենց, նկարվելու ցանկություն հայտնում, զգում եմ, որ իրենք դրանից կաշկանդվում են ու, ճիշտն ասած, ներքին հպարտություն եմ ապրում, որովհետև ես իրենց հետ շատ չեմ խոսել այդ մասին, չեմ ասել, որ բոլոր երեխաները հավասար են, ես չեմ զգացել, որ այդ վտանգը կարող է սպառնալ իրենց»,- ասաց Դիանան ու հավելեց, որ դպրոցում ևս Ալլայի ուսուցչուհին երբևէ տարբերություն չի դրել իր և մյուս դասընկերների միջև:

 

«Եթե դու սկսես տարբերություն դնել, կփչացնես երեխային: Ես վստահ եմ, որ երեխաներն էլ երբևէ չեն զգացել նման բան, կարծում եմ, Շարլի դեպքում էլ այդպես կլինի, քանի որ դպրոցում մոտեցման նույն մեթոդն է գործում: Օրինակ` Ալլայի ձեռագիրը գեղեցիկ է և առաջին դասարանի ավարտից հետո նրա ձեռագիրը փակցված էր դպրոցի առաջին հարկում: Կարծում եմ` դա չի կարող կապ ունենալ հայտնիության հետ, որովհետև այդ երեխան գեղեցիկ է գրում»,- ասաց մայրն ու հավելեց, որ որպես գերազանցիկ ևս Ալլայի նկարը փակցված է դպրոցի պատին, սակայն դա կապ չունի հայտնիության հետ:

 

 

Դիանայից տեղեկացանք, որ Գիտելիք օրն իրենք տոնել են օգոստոսի 31-ին, քանի որ  երեկ բավականին խիտ աշխատանքային օր են ունեցել. Շարլը դպրոցից վերադառնալուց անմիջապես հետո գնացել է նկարահանման:

 

 


Բարի երթ բոլոր դպրոցականներին. Ամալյա Հովհաննիսյան:)