Մինսկում կայացած ԱՊՀ երկրների միջազգային ամենամյա 11-րդ գրքի մրցանակաբաշխությանը Արարատի մարզից ներկայացված երկու գրքերը շահել են առաջին մրցանակ. գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի ալբոմը (կազմող` Յուրի Պետրոսյան), իսկ Յուրի Պետրոսյանի` Պարույր Սեւակի 90-ամյակին նվիրված «Բարի երազս Ձեզ` սիրելիներ» գիրքը արժանացել է Գրան պրիի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանի տնօրեն Յուրի Պետրոսյանը, մրցանակները հաղթողներին կհանձնվեն Մոսկվայում` սեպտեմբերի12-15-ը: Մրցանակաբաշխությանը Հայաստանի հրատարակչությունների և անհատների կողմից ներկայացված ինը գրքերից ութըը շահել են մրցանակներ, որից հինգը` առաջին մրցանակ:
Գրադարանի տնօրենը դեկտեմբերին նախատեսում է կազմակերպել գրական երեկո` նվիրված հայ մեծ տպագրիչ, գրահրատարակիչ Ոսկան Երեւանցու ծննդյան 400- ամյակին, որի ժամանակ մարզկենտրոնի մարզային գրադարան կհրավիրվեն Մինսկի մրցանակաբաշխությանը մասնակցած հրատարակչությունների ներկայացուցիչները («Արևիկ», «Անտարես», «Աստղիկ», «Էդիթ-Պրինտ», «ՎՄՎ-Պրինտ») և գրքերի հեղինակները: Տեղի կունենա շնորհանդես-պարգևատրում:
Լիլիթ Մաճկալյան