Երգիչներ Մհերը, Սոնա Ռուբենյանը, Էլլա Տարունցն ու Գոռ Հարությունյանը օգոստոսի 17-ին եղել են Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղում, որտեղ ելույթ են ունեցել զինծառայողների ու տեղաբնակների համար: Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ նրանք այնտեղ էին` մասնակցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությանը:
«Այդ գյուղը բավականին մոտ է սահմանին, սակայն այնտեղի բնակիչները, ամենակարևորը, մի բան էին ասում` սա մեր հողն է և ոչ մի դեպքում չենք լքելու այն: Երբ երգում ես մարդկանց համար, ովքեր շատ մոտ են թշնամուն, այլ զգացողություն է»,- ESem.am-ին ասաց Մհերը և հավելեց, որ զինծառայողներն ավելի կարճ են մնացել իրենց հետ, քանի որ սահմանապահ են և միշտ պետք է զգոն լինեն:
Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համերգը շատ լավ է անցել, իրենք շփվել են գյուղացիների հետ, ովքեր պատմել են իրենց առօրյայի մասին: «Շատ հուզիչ էր ամեն ինչ. Բարեկամավանը սահմանամերձ գյուղ է, բնակիչներն ամեն ինչից կտրված են ու շատ էին ուրախացել մեզ տեսնելու համար: Հենց այդ մարդկանց շնորհիվ է, որ մենք այստեղ հանգիստ ապրում ենք:
Չնայած ամեն պահի հնարավոր է, որ իրենց վրա կրակեն, նրանք մտադրություն չունեն լքելու իրենց գյուղը: Դրանից մեծ հայրենասիրություն չկա,- նշեց Սոնան և հավելեց,- Իրենք տեղյակ էին այստեղի անցուդարձից, հետևում են, թե այստեղ ինչ համերգներ են լինում: Գիտեին, որ Յուրմալայում ես ու Մհերը երգել ենք «Հայաստանը» ու շատ ուրախացան, որ այնտեղ էլ կատարեցինք այդ ստեղծագործությունը»:
Սոնան ևս նշեց, որ զինծառայողների հետ շփվելու ժամանակ շատ չեն ունեցել, քանի որ նրանք մի քանի երգ լսել են ու վերադարձել սահման` պահելու մեր դիրքերը:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը