«Համադամ ուտելիքներ ու բուրավետ համեմունքներ, հին կոնյակ եւ աննման նռան գինի. այս ամենը կարող եք գտնել Ստրադա Արմենեասկայում»,- արդեն երկրորդ տարին է երեկոյան լուրերի մեջ հայտնում է ռումինական հեռուստատեսությունը Բուխարեստի Հայկական փառատոնի մասին: Երեք օր շարունակ` օգոստոսի 1-3-ը, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում տարածվել էին հայկական գույներն ու բուրմունքները, հնչում էին երգուպարը, խոսքը, ծիծաղն ու ծափերը:
Հայկականի հետ խառնվել էին հունական ու իսրայելական դրոշակները, գնչուական արբեցնող ռիթմերին հետեւում էին հունական սիրտակին եւ հրեական Հավա Նագիլան: Հազարավոր բուխարեստցիներ լցվել էին Հայոց եկեղեցու բակն ու նրան հարող Արմենեասկա փողոցը, խումբ-խումբ ծեփվել ռումինահայոց մասին պատմող մեծադիր պատկերներին, գրքերի, զարդեղենի, հայկական հռչակավոր սուրճի, կոնյակի եւ թխվածքների կրպակներին:
Գույնզգույն վրանների ու կրպակների միջեւ շրջում էին աճպարարներն ու բախտագուշակները, այսուայտնեղ կանչում էր պատանի լրագրավաճառը, աչքիդ առաջ զարդեր էր ձուլում արծաթագործը, հայկական գեղագրեր գծում նկարիչը: Մանուկները ճռվողում էին եկեղեցու բակում, մեծերը հիշողությունների կծիկը բացում հընթացս սարքված հայկական ճաշարանի ստվերում, մի բաժակ սուրճի ու օշարակի շուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական փողոցը կարծես վերագտել էր հին օրերի շունչն ու ռիթմը, երբ մի քանի դար առաջ այստեղ էին հաստատվել հայերը, բացել իրենց խանութներն ու արհեստանոցները, հիմնել եկեղեցի, դպրոց ու տպարան: Բուխարեստի ճիշտ կենտրոնում հայտնված Հայկական թաղամասում կողք-կողքի համերաշխորեն ապրում էին ռումինները, հայերը, հրեաները, հույներն ու գնչուները, Ստրադա Արմենեասկայով ճեմում էին ժամանակի ռումին եւ հայ նշանավոր դեմքերը:
Ահա այս մթնոլորտն ու միջավայրն էին ցանկացել վերականգնել փառատոնի կազմակերպիչները` Ռումինահայոց միությունն ու Հայ երիտասարդաց կազմակերպությունը, հրավիրելով դրացի հույներին, հրեաներին եւ գնչուներին, այս տարի նաեւ լեհերին, միասին վերապրելու անցյալը, կիսելու այսօրվա բախտն ու ուրախությունները:
Ծրագրին պատրաստակամորեն միացել էր Բուխարեստի քաղաքապետարանը, տրամադրել վիթխարի բացօթյա բեմ ու հարմարանքներ, երեք օրով փակել փողոցի երթեւեկությունը: Փառատոնի մասին Բուխարեստի տարբեր հատվածներում ազդարարում էին մեծադիր պաստառները, ռումինական ռադիոն, հեռուստատեսությունը, լրատվական գործակալությունները եւ գրավոր մամուլը հատուկ թողարկումներ եւ ծանուցումներ էին տալիս փառատոնի ընթացքի վերաբերյալ: Փառատոնը ցուցադրվում էր առ-ցանց կենդանի ռեժիմով` live streaming համակարգի միջոցով:
Փառատոնի ծրագիրը բազմազան էր` բոլոր տարիքային խմբերի, ճաշակների եւ նախասիրությունների համեմատ: Այս տարվա փառատոնին առանձնակի շունչ ու ոգի հաղորդեցին Հայաստանից ժամանած կատարողները` Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ն, երգչուհիներ Սուսաննա Պետրոսյանը եւ Էլիզաբեթ Ադիկյանը:
Անցյալ տարվա նման փառատոնը բացվեց հայկական դուդուկի համերգով, որ մատուցեց Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Սոնուս տրիոն/Trio Sonus` ռումին դուդուկահար Կոսմին Բըլեանի հրաշալի կատարմամբ: Երեկոն շարունակեցին Սուսաննա Պետրոսյանն ու Բուխարեստի հայկական “Վարդավառ” պարախումբը, որոնց հետեւեցին ու հունական «Աստերիա» եւ «Աստարակիա» պարախմբերն ու մենակատար Սիլվանա Արգիրոն:
Հաջորդ օրերին վարակիչ ելույթներ ունեցան գնչուական Mahala Rai Banda ու Romafest, հրեական Hazamir ու Bucharest Klezmer Band, լեհական dom Polski, ռումինական Green Tea խմբերը: Բուխարեստի երաժշտասեր հասարակությանը ծանոթ Գաբրիել եւ Կարապետ Դեդեյան եղբայրները ջազի հնչյուններով լցրին փողոցն ու հարակից բակերը, Բուխարեստում իրենց նորամուտը նշեցին Գեռլա-Արմենոպոլիսի հայկական պարախումբը:
Օրվա առաջին կեսերին մանուկների համար ինտերակտիվ ներկայացումներ էին կազմակերպել Յոն Կրեանգա թատրոնը, MiniArtShow-ն, հետկեսօրեին Բուխարեստի թատերականի ուսանողները բեմականացրեցին Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպից հատվածներ, Հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվեցին «Արմենոպոլիս» եւ «Շշուկների մատյանի» մոտիվներով «Երբ մահն ուշանում է պաշտպանվել» ֆիլմերը:
Եկեղեցու բակում շարված էին ռումինահայ նշանավոր գծանկարիչ Չիկ Դամադյանի գործերը եւ Անդրեա Տանասեի “Մեր կողքի հայերը&rd quo; շարքի լուսանկարները: Հայոց թանգարանն իր դռներն էր բացել բազմաթիվ այցելուների առջեւ: Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը հենց փողոցի վրա փռել էր հազարավոր գրքեր, որոնք ձեռքից ձեռք խլվեցին բառացիորեն րոպեների ընթացքում:
Վերջին օրը փառատոնը կենդանի հեռուստակամուրջով կապվեց Լոնդոնի Հայկական փողոց փառատոնի հետ: Փառատոնը փակվեց «Վարդավառի» գեղարվեստական ղեկավար Բելլա Մարտիկյանի սաների կրակոտ ելույթով, որին վերջում միացան հանդիսականները: Մինչեւ ուշ գիշեր լեփ-լեցուն փողոցում տիրում էր խանդավառություն եւ ուրախություն:
Հայկական միջոցառումն վերածվեց համընդհանուր ժողովրդական տոնախմբության ու համերաշխության ցույցի: Երեք օրվա ընթացքում մոտ տասնհինգ հազար մարդ էր ներկա հայկական տոնին: Պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, որը շնորհալի երիտասարդ Հրանտ Ջաղինյանի հետ երեք օր շարունակ հմտորեն վարում էր հանդիսությունը, կարողացավ հանրության հետ ստեղծել հետադարձ հոգեկան ուժեղ կապ, որն ապահովեց փառատոնի հաջողությունը եւ հայերի նկատմամբ համակրանքը: Վարուժան Փամբուկչյանը հուսով է, որ փառատոնի գաղափարը գալիք տարում կվարակի նաեւ Փարիզ ի հայերին եւ կարճ ժամանակում այստեսակ հայկական փառատոններ կկազմակերպվեն եւրոպական այլ քաղաքներում:
«Հայ ենք ու հպարտ ենք,- ռումինական մամուլը մեջբերում է Վարուժան Ոսկանյանի խոսքերը, -ինչպես դարեր առաջ հայերը հաստատվեցին այստեղ` Բուխարեստում, նույնն արեցին Սուչավայում, Գեռլայում եւ այլուր, ուր նույնպես կան Հայկական փողոցներ: Մյուս տարի նման փառատոներ ենք անելու ողջ երկրում, Ռումինիան վերածվելու է վիթխարի Հայկական փողոցի, որտեղ հայերը, ռումինները եւ մյուսները պետք է համատեղ հրճվեն»:
«Հայկական փողոցը վերածվում է մշակույթների եւ ազգերի ժամադրավայրի, ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանիշի», -ողջունելով փառատոնի երկրորդ թողարկումն ասում է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
«Բոլորիս համար մեծ ուրախություն է, որ այս փողոցի վրա հաստատված հայերն այն լցրել են քաղաքակրթությամբ ու մշակույթով», -իր հերթին ասում է հրեական համայնքի ղեկավար Վայները:
Ի դեպ, գնալով տեղերում ռումինահայերն իրենց միջոցառումներին մասնակից են դարձնում այլ փոքրամասնությունների, ռումին եւ օտար նշանավոր դեմքերի: Մասնավորապես այդպես էր այս տարի հուլիսի սկզբին Գեռլայում, երբ քաղաքի պաշտոնական օր հայտարարված Գրիգոր Լուսավորչի տոնին մասնակցում էին ոչ միայն տեղական իշխանությունների բարձրաստիճան ղեկավարները, այլեւ Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական մի շարք քաղաքների քաղաքապետեր, հուլիսի վերջին` Դումբրավենում, երբ հայկական փառատոնին մասնակցում էին ռումին ակադեմիկոսներ եւ արվեստի աշխարհի հայտնի դեմքեր: Նույն պատկերն է Կլուժում, Յաշում, Կոնստանցայում, Բոտոշանում, Բակաուում, Գեորգենում: