Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` Հայկական թաղամասի (Cartierul Armenesc) կորիզը կազմող Հայոց եկեղեցու եւ ՌՀՄ վարչական միության բավականին ընդարձակ տարածքում ու հարակից Հայկական փողոցի վրա (Strada Armeneasca) օգոստոսի 1-3-ը տեղի կունենա «Ստրադա Արմենեասկա» ամենամյա փառատոնի երկրորդ թողարկումը: Փառատոնի գլխավոր կազմակերպիչն է Ռումինիայի հայոց միությունը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն իր ընդգրկումով եւ բովանդակությամբ դուրս է գալիս համայնքային սովորական մշակութային միջոցառման շրջանակներից եւ դրական ուղերձներով ուղղվում ավելի լայն լսարանի: Այն նպատակ է դրել մշակութային միջոցառումների միջոցով ցույց տալ դարերի ընթացքում ռումինահայերի ներդրումը Բուխարեստի հոգեւոր-մշակութային, գիտական եւ քաղաքական զարգացման մեջ, ինչպես նաեւ քաղաքի հանրությանը ծանոթացնել հայ ժողովրդի ավանդույթներին եւ սովորույթներին:

 

Ստրադա Արմենեասկայի առաջին թողարկումը կայացավ 2013թ. օգոստոսի 2-4-ին եւ անցավ մեծ շուքով: Կազմակերպիչները փառատոնին հրավիրել էին նաեւ թաղամասի ավանդական հույն, հրեա եւ գնչու փոքրամասնություններին: Ուստի ծրագրում, բացի հայկական ծավալուն մասից (ժողովրդական, դասական ու ժամանակակից երգուպար, ջազ, ռումինահայոց պատմության մասին լուսանկարչական ցուցահանդեսներ, գրականություն, գեղագրություն, զարդեր, խոհանոց, սուրճ, խմիչք եւ այլն), ընդգրկվել էին նաեւ վերջիններիս երաժշտախմբերը:

 

Յուրահատուկ ձեւավորման միջոցով տարածքին տրվել էր վառ տոնական տեսք, որով Հայկական փողոցը կարծես վերագտել էր հին օրերի շունչն ու ռիթմը, երբ մի քանի դար առաջ այստեղ էին հաստատվել հայերը, բացել իրենց խանութներն ու արհեստանոցները, հիմնել եկեղեցի, դպրոց ու տպարան: Ծրագրին պատրաստակամորեն միացել էր Բուխարեստի քաղաքապետարանը, տրամադրել բացօթյա բեմ ու հարմարանքներ, երեք օրով փակել փողոցի երթեւեկությունը:

 

«Հայկական փողոց» այս տարվա փառատոնը խոստանում է լինել էլ ավելի բազմազան ու հագեցած: Բուխարեստի տարբեր հատվածներում վաղուց արդեն փակցված են պաստառներ, որոնք բուխարեստցիներին օդոստոսի 1-3-ին հրավիրում են Ստրադա Արմենեասկա: Այս տարվա փառատոնին կրկին ներկա են լինելու Բուխարեստի հայկական թաղամասի անքակտելի մասը կազմող հրեա, հույն, գնչու փոքրամասնությունները, ինչպես նաեւ լեհերը: Փառատոնի գլխավոր կազմակերպիչ Ռումինիայի Հայոց միության  փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանի խոսքերով` այս տոնակատարությունը գալիս է ներկայացնելու ոչ միա յն հայկական մշակույթը, այլ նաեւ համախմբելու տարբեր մշակույթներ, որով ձեռքբերում է դառնում ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Բուխարեստի համար:

 

Եթե փառատոնի առաջին թողարկումը կազմակերպվել էր գրեթե երկու շաբաթվա ընթացքում, ապա այս անգամ կազմակերպչական աշխատանքներն սկսվել են դեռ տարեսկզբից. հայկական համայնքի երիտասարդության կողմից ստեղծվել է հատուկ աշխատանքայի խումբ, որն զբաղվում է տեխնիկական եւ կազմակերպչական հարցերով: Այս տարվա փառատոնին հրավիրված են նաեւ կատարողներ Հայաստանից, որոնց մեջ` Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ն:

 

Փառատոնին հնարավոր կլինի հետեւել նաեւ առցանց կենդանի ռեժիմով` live streaming համակարգի միջոցով, իսկ ահա փառատոնի վերջին օրը կկազմակերպվի կենդանի « կամուրջ Լոնդոնի Հայկական փողոց փառատոնի հետ: Վարուժան Փամբուկչյանը հուսով է, որ այս փառատոնի գաղափարը գալիք տարում կվարակի նաեւ Փարիզի հայերին եւ կարճ ժամանակում այս տեսակ հայկական փառատոններ կկազմակերպվեն եւրոպական այլ քաղաքներում: