90 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ ռեժիսոր-դոկումենտալիստ Ռոբերտ Դրյուն: Ինչպես հայտնել է նրա որդին, նա հուլիսի 30-ին մահացել է Շարոն (Կոննեկտիկուտի նահանգ) քաղաքի իր տանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դրյուն սինեմա վերիտեի (ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում է «կինոճշմարտություն») հիմնադիրներից մեկն էր: Վավերագրական կինոյի այդ ուղղությունը նպատակ է դնում ներկայացնել իրական դեպքերը և խուսափում է բեմադրված տեսարաններից, մոնտաժից, հատուկ էֆեկտներից ու հեղինակային մեկնաբանություններից: 

 

Իր ավելի քան 50-ամյա ստեղծագործական կարիերայի ընթացքում Դրյուն նկարահանել է ավելի քան 100 ֆիլմ, հիմնականում՝ սոցիալական և քաղաքական թեմաներով: 

 

Նրա նկարահանած հայտնի ֆիլմերից է «Նոյեմբերի դեմքերը» (Faces of November,1964 թվական), որն իրենից ներկայացնում է ռեպորտաժ՝ Ջոն Քենեդիի հուղարկավորությունից. այդ ժապավենն ստացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակներից մեկը:  

 

1969 թվականին Դրյուն հեղինակավոր Emmy մրցանակի է արժանացել «Տղամարդը, որը պարում է» ֆիլմի համար. այն պատմում է ամերիկացի լեգենդար պարող Էդվարդ Վիլլելի մասին:

 

1960-ական թվականների սկզբին Դրյուն հիմնել Է վավերագրական ֆիլմերի արտադրության Drew Associates ընկերությունը: Նրա աշակերտներն են եղել հետագայում լայն ճանաչում ստացած այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Դի Էյ Փենեբեյքերը, Ալբերտ Մայզելսը և Ռիչարդ Լիքոքը: