«Հայ Արտ» արվեստի կենտրոնն իր հարկի ներքո օգոստոսի 1-ին կհյուրընկալի ռուսաստաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի (Նարինե Աղաջանյան) «Վերականգնելով արժեքները» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն»–ի Հանրային կապերի բաժնից, երիտասարդ նկարչուհին ցուցահանդեսից գոյացած միջոցներով որոշել է վերականգնել Հովհաննես Այվազովսկու հուշարձանի՝ տարիներ առաջ գողացված վրձինը:


Մոտավոր հաշվարկներով` բրոնզաձույլ վրձնի պատրաստումն ու տեղադրումը կարժենա 80-90 հազար դրամ: Նարի Յանը մտադիր է նաև տեսանկարահանող սարք տեղադրել հուշարձանի մոտ, որպեսզի նման վայրագությունները հետագայում բացառվեն:


Յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն` գնելով ներկայացված աշխատանքներից, կարող է դառնալ աշխարահռչակ հայ ծովանկարչի վրձնի վերականգնողը:

 

Տևական ժամանակ է՝ աշխարհահռչակ հայ ծովանկարչի հուշարձանը Երևանի կենտրոնում կանգնած է կոտրած վրձնի մնացուկը ձեռքին: