Արցախյան ազատամարտի մասին պատմող, հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված և «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում հաղթող ճանաչված «Թևանիկ» ֆիլմը նորից կհայտնվի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Կինոնկարը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 22-ից՝ օրական երկու ցուցադրությամբ»,-նշեց նա:
«Թևանիկը» մայիսի 6-ից ցուցադրվել է կինոթատրոններում: Այն պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները, մասնավորապես, սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, բայց նրանք ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանիների մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատե րազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին:
Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ: Կինոնկարը ներկայացվել է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: