«Գոր» խորագիրը կրող առաջին համշենահայկական ամսագիրը լույս կտեսնի սեպտեմբերից Թուրքիայում: Ամսագրում տեղ գտած նյութի 90 տոկոսը կլինի համշենի հայկական բարբառով, սակայն` լատինատառ, քանի որ համշենահայերենը չունի առանձին այբուբեն: Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասացին Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը, որոնց այցի նպատակը հայրենաճանաչությունը և Հայաստանի հայ հասարակությանը ծանոթանալն է: «Պետք է նշեմ, որ համշենահայերենով խոսում են ոչ բոլոր համշեցիները և լեզուն գնալով մոռացության է մատնվում»,- ասաց Ջանջը:
18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին Թուրքիայում ծավալվեց Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Հավատափոխությունը համշենահայերին գլոբալ մշակութային ձևախեղման հանգեցրեց՝ կենցաղային մշակութից սկսած մինչև հանրային կազմակերպվածություն։ Սակայն հայերի այս էթնիկ ենթախմումբը, ի հեճուկս թյուրքական ճնշումների, մեծ մասամբ պահպանել է իր էթնիկ արմատների գիտակցումը:
«Ցեղասպանությունից մինչ այսօր թուրքական իշխանությունները օտար էթնիկ ինքնությունները մոռացման ենթարկելու քաղաքականություն են վարում, որը թեև ավելի փոքր չափերով, սակայն տարածվել է նաև իսլամացված հայերի վրա: Եվ, բնականաբար, համշենահայերն անմասն չեն մնացել և այդ քաղաքականության հետևանքները նկատելի են նաև համշենահայերի մեջ: Սակայն վերջին շրջանում, հատկապես կրթություն ստացած համշենահայ երիտասարդները, սկսել են ուսումնասիրել համշենական մշակույթի ակունքները և բացահայտել, որ այն ակունքներ ունի հայկական մշակույթի հետ և որ իրենք հայկական ծագում ունեն»,- հայտնեց Ջանջը:
«Սերնդեսերունդ փոխանցվել է ցեղասպանված ժողովուրդ լինելու գիտակցումը»,- հավելեց Ռեմզի Գեդիքը: Ըստ նրա` Թուրքիայում այսօր բնակվում են մոտ 35-40 հազար համշեցիներ, որոնց 70 տոկոսն ապրում են Հոպա քաղաքում: Նրանք հիմնականում զբաղվում են թեյի մշակմամբ, առևտրով, արդյունաբերությամբ և արհեստներով:
Մինչև 1980-ական թվականները համշենահայերը գլխավորապես բնակվել են լեռնային շրջաններում, իսկ հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունն ու գյուղատնտեսությունը: Հետագայում` ուրբանիզացման արդյունքում անասնապահությունը հետ է նահանջել: Լայն տարածում ունեն միջամուսնությունները. համշենահայերի 90 տոկոսն ամուսնանում են հենց համշենահայերի հետ:
Ասլան Ջանջի խոսքով` իսլամացման հետևանքով համշենահայերն իրենց երեխաներին հիմնականում թուրքական անուններ են տալիս, սակայն հանդիպում են նաև հայկական անուններ: Ըստ բանախոսների` Ստամբուլում ակտիվ գործունեություն է ծավալում «Հատիկ» կազմակերպությունը, որը համշենահայկական մշակույթը և ինքնությունը պահպանելու նպատակ է հետապնդում: Այս ամսվա վերջին կկազմակերպվի համշենական երկրորդ փառատոնը: