Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ու հայրենիքում «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրին մասնակցող սփյուռքահայերը դիտեցին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Ֆիլմի ազդեցությունից համակված հանդիսատեսը՝ ի դեմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հոտնկայս ծափահարում էր ֆիլմի ավարտից հետո: Դահլիճում էին ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը, սցենարիստներ Արմեն և Արեն Վաթյանները, վերջինը նաև ֆիլմի դերակատարներից է, գլխավոր դերակատար Կարեն Ջհանգիրյանը:

 

Հրանուշ Հակոբյանը ողջունեց ամառային դպրոցի ծրագրերի մասնակիցներին, մաղթեց, որ հայրենիքում լավ ժամանակ անցկացնեն և խոսեն հայերեն: Այնուհետև ներկաները դիտեցին ֆիլմը: Հայոց լեզվի արագացված ծրագրին մասնակցող Երազիկ Դալլաքյանը, ով Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության և «Արմսթայլ» պարային համույթի անդամ է, նշում է, որ Ռուսաստանում ապրող հայերի շրջանում հետաքրքրությունը «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի հանդեպ տարեցտարի մեծանում է:

 

«Հետաքրքրություն կա նմանատիպ ծրագրերին մասնակցելու: Տեղեկանում են ծրագրի մասին ու ցանկություն հայտնում մասնակցելու»,- ասաց Երազիկ Դալլաքյանը: Նրա խոսքով՝ դասընթացների ժամանակ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում: «Օգտակար դասընթացներ են. մարդիկ կան, որ զրոյից են սկսել: Ես գրել-կարդալ գիտեի, այժմ քերականությունն եմ սովորում: Այսինքն՝ տարբեր իմացության մարդիկ են գալիս, ամեն մեկին անհատական մոտեցում է ցուցաբերվում»,- ընդգծեց ծրագրի մասնակիցը:

 

«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մեր զրուցակիցը դիտում էր արդեն երրորդ անգամ, ու ինչպես ինքն է նշում, ամեն անգամ նոր բաներ է իր համար հայտնաբերում: «Ֆիլմը երրորդ անգամն եմ դիտում, ամեն անգամ նոր բաներ եմ հայտնաբերում ինձ համար, շատ բովանդակալից ֆիլմ է, ինչքան էլ նայես, կնայվի: Իմ կարծիքով՝ այս թեմային նվիրված ամենալավ ֆիլմերից մեկն է»,- նկատեց նա:

 

Ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պարբերաբար տարբեր լսարանների համար ֆիլմը ցուցադրելու առաջարկ են ստանում: Այն դիտարկմանն ի պատասխան, որ հանդիսատեսի մեջ կայինն մարդիկ, ովքեր ֆիլմի ավարտին արտասվում էին, և, փաստորեն, այն կատարեց իր խնդիրը, Վահան Ստեփանյանը նկատեց. «Բնական է, ես սովորել եմ այդ վիճակին, բոլոր ցուցադրություներից հետո շատ մարդիկ արտասվում են:

 

Ինձ համար մեկ այլ բան է կարևոր. մարդիկ կան, որ չորրորդ-հինգերորդ անգամն են դիտում ֆիլմը, այսինքն՝ այն չի հոգնեցնո ւմ: Ժամանակ առ ժամանակ հնարավոր է այն նորից դիտել ու նոր բաներ գտնել ու հասկանալ: Այդ առումով շատ գոհ եմ, որ ֆիլմը ապրում է ու դեռ կապրի»: Ֆիլմի ռեժիսորի հավաստմամբ՝ այն դիտել են տարբեր լսարաններ՝ սկսած դպրոցականներից` ավարտած մեծահասակներով. «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմ է բոլորի համար:

 

«Նման ֆիլմերի կարիքը կա Հայաստանում: Կոմեդիաները շատ լավ են, բայց նման ֆիլմեր, որ մարդկանց մոտ նստվածք են տալիս, շատ են պետք: Որքան շատ ռեժիսորներ անդրադառանան այս թեմատիկային, այնքան ավելի լավ»,- ընդգծեց Վահան Ստեփանյանը՝ հավելելով, որ ներկայում ծրագրում է մեկ այլ ֆիլմ, որի վերաբերյալ մանրամասներ չհաղորդեց: