«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում չինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ցզյա Չժան-կեն երեկ վարպետության դաս անցկացրեց հայ կինոսերների համար: Նաիրի կինոթատրոնում կայացած հանդիպմանը ներկա էին մեծ թվով երիտասարդներ:
Ցզյա Չժան-կենը նշեց, որ ինքը ծնվել է չինական փոքրիկ, աղքատիկ քաղաքում և ծննդավայրի աղքատ մարդկանց կյանքը առիթ է դարձել, որ նա խորությամբ ճանաչի այդ մարդկանց կյանքը, տեսնի այն դժվարությունները, որոնց նրանք բախվել են: Հենց այս պատճառով էլ ռեժիսորի առաջին երեք ֆիլմերը ներկայացնում են նրա հայրենի քաղաքի կյանքը: «Այդ ֆիլմերը աղքատ գյուղացի մարդկանց մասին են, իսկ չորրորդ՝ «Աշխարհ» ֆիլմը ներկայացնում է այն գյուղացիներին, ովքեր տեղափոխվել են քաղաք»,- ասաց ռեժիսորը:
Չժան-կեն պատմեց, որ միանգամից չի ընտրել ռեժիսորի մասնագիտությունը. սկզբում ցանկացել է տարբեր պատմվածքներ գրել և չի հետաքրքրվել կինոյով: Ավելի ուշ հասկացել է, որ գրականությունն այն չէ, ինչ պետք է չինացիներին, քանի որ այդ ժամանակահատվածում անգրագետ մարդկանց թիվը Չինաստանում մեծ էր. գրելով նա չէր կարող հասանելի լինել շատ մարդկանց:
Չինացի կինոռեժիսորը նախ տարվում է նկարչությամբ, քանի որ կարծում է, թե այն հասու է բոլորին, ապա` կինոյով ու որոշում ռեժիսոր դառնալ: Ըստ Չժան-կեի` կինոաշխարհում իր համար շատ ուսանելի են եղել հատկապես իտալական, ֆրանսիական, ճապոնական և Խորհրդային միությունում ստեղծված ֆիլմերը, որոնք ուսումնասիրելով՝ մեծ փորձ է ձեռք բերել: «Իմ ուսուցիչների գրեթե կեսը Խորհրդային միության ռեժիսորներ են, և նրանց ազդեցությունն ինձ վրա ես զգում եմ մինչև օրս»,- ասաց ռեժիսորը:
Չժան-կեի խոսքով` իր ֆիլմերում շատ կարևոր են մասսայական երաժշտությունն ու մշակույթը: «Ես նկարահանում եմ և՛ վավերագրական, և՛ խաղարկային ֆիլմեր, սակայն կարծում եմ, որ այս երկու ժանրը կարելի է օգտագործել մեկ ֆիլմում, ինչն արել եմ «24 ժամ քաղաք»-ում»,- նշեց նա:
Ռեժիսորն իր ֆիլմերից մեկում նախընտրել է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ: «Երբեմն ոչ պրոֆեսիոնալ դերասանները կարող են ավելի լավ կերտել կերպարը: Երբ դերասանին ասում ես` հոգնած մարդու կեցվածք ընդունի, նա մտածում է այնպես չփռվի, որ իր մարմինը վատ դիրքում լինի, իսկ ոչ դերասանը չունի այդ խնդիրը»,- նշեց չինացի ռեժիսորը:
Հանդիպման ավարտին նա խորհուրդ տվեց մարդկանց միասին ֆիլմեր դիտել: «Ես նկատել եմ, որ մարդիկ սկսել են միայնակ դիտել ֆիլմեր, բայց կարծում եմ, որ ֆիլմերը մարդկանց համախմբելու ուժ ունեն: Միայնակ ֆիլմ նայելը վտանգավոր երևույթ է»,- կարծում է Չժան-կեն:
Նշենք, որ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում կցուցադրվի ռեժիսորի «Նատյուրմորտ» ֆիլմը:
Հանդիպմանը ներկա էր Ամալյա Հովհաննիսյանը