Հայ մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Կարեն Զոհրաբյանը Իտալիայի «Մարուչինո» օպերայի թատրոնի 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է ոսկե մեդալի: Իտալական փառատոնի մասնակից  Կարեն Զոհրաբյանը հպարտությամբ է վերադարձել Հայաստան` այնտեղ ծածանելով հայկական դրոշը: «Ինձ համար մեծ պատիվ էր Իտալիայում, այն էլ նման հեղինակավոր բեմում հանդես գալը:  Ժյուրիի կազմում հիմնականում իտալացիներ էին, նախագահն էր Ֆաբիո Գորացին:


Ժյուրին շատ խստապահանջ էր, իսկ մրցակցությունը շատ մեծ էր հատկապես Ադրբեջանի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և մի քանի այլ երկրների միջև: Ես հանդես եկա Պուչինիի «Տոսկա» օպերայից Մարիո Կավառադոսիի արիայով: Իտալիայում տեղի ունեցած փառատոնից հետո առաջարկ ստացա Խորվաթիայից, Բարսելոնայից, նաև նպատակ ունեմ Թուրքիայում մեծ գործունեություն ծավալել, պարտադիր պետք է երգեմ «Անի»-ն, «Կիլիկիա»-ն: Բացի այդ, սեպտեմբերին կնախագահեմ Սոֆիայում կայան ալիք մրցույթ-փառատոնի ժյուրին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարեն Զոհրաբյանը:


Հայաստանյան հանդիսատեսը Կարենին կարող է տեսնել Պարոնյան թատրոնում: Կարենը նաև «Կովկասյան ասոցացիա»-ի փոխնախագահն է, որը հունիսի 16-20-ը Երևանում անցկացրեց մրցույթ 18 ազգերի միջև`ունենալով շուրջ 600 մասնակից: Նոյեմբերին Երևանում տեղի կունենա կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը, որը մեծ թոհուբոհ կառաջացնի հանրության շրջանում:

 

Կարեն Զոհրաբյանը մասնակցել է 20-ից ավելի միջազգային մրցույթների, որոնցից 8-ում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: