«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Էմկային մարմնավորող Լիկա Սալմանյանն օրերս է վերադարձել Ուկրաինայից: Լիկան առաջինը ESem.am-ին է պատմել մեկշաբաթյա հանգստի և մայրիկի հետ երկար սպասված հանդիպման մասին:)
Լիկան անմոռանալի 7 օր է անցկացրել մայրիկի և փոքրիկ քույրիկի հետ, որից հետո, ինչպես ինքը նշեց, չէր ցանկանում վերադառնալ: «Շատ արագ անցան օրերը ու շատ դժվար բաժանվեցինք»,- ասաց Լիկան ու հավելեց, որ 2 տարի է, ինչ չէր տեսել մայրիկին ու 5 ամյա քույրիկին:
Սերիալային դերասանուհու խոսքով` քույրիկն իրեն Ալյոնա էր ասում: «Մինչև վերջին օրը չկարողացա իրեն համոզել, որ ես Ալյոնան չեմ: Միայն իմ մեկնելուց հետո է մայրիկին հարցրել` ո՞ւր է Լիկան: Իմ ներկայությամբ իմ անունով չէր դիմում ինձ. նրա երևակայության մեջ ես Ալյոնան էի:)»,- ասաց Լիկան ու հավելեց, որ քույրիկի հետ նախորդ հանդիպումը եղել էր, երբ նա դեռ 3 տարեկան էր: «Դժվար թե այն ժամանակվանից հիշեր ինձ, սակայն սկայպով հաճախ ենք շփվում, գիտի` ես ով եմ»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց նա:
Լիկան Ուկրաինայում եղել է շատ փոքր տարիքում: Նրա խոսքով` այս անգամ հասցրել է մի քիչ շրջել, բայց փորձել է ավելի շատ լինել մայրիկի կողքին ու կարոտն առնել:
«Նախկինում ես մտածում էի, որ իմ երկրից դուրս չեմ կարող երկար մնալ, բայց մամայի մոտ լրիվ ուրիշ` անբացատրելի զգացողություն է, ինչքան էլ հայրենիքից հեռու ես, քեզ թվում է, թե չես կարող ուրիշ տեղ ապրել, մամայի կողքին հասկանում ես, որ նրա հետ յուրաքանչյուր տեղ էլ կարող ես ապրել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ամառային հանգստին` Լիկան նշեց, որ առայժմ չգիտի` ինչպես կկազմակերպի այն, ամեն բան կախված է «Հարազատ թշնամու» նկարահանումներից:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը