Գյումրիում, հուլիսի 4-ին, հերթական անգամ տոնական տրամադրություն էր տիրում. մեծ հանդիսությամբ նշվեց Հովհաննես Շիրազի 100-ամյա հոբելյանը և Մհեր Մկրտչյանի 84-ամյակը:
Միջոցառման անցկացման համար, Գյումրու ավագանու որոշմամբ, համայնքային բյուջեից հատկացվել էր 17 մլն դրամ: Համերգը տեղի ունեցավ Գյումրու «Վարդանանց» հրապարակում: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված էր մոտ հազար մարդ, նույնքան նստարան տեղադրված էր կենտրոնական հրապարակում: Տոնական միջոցառումը բաղկացած էր երկու մասից. առաջինն ամբողջությամբ նվիրված էր մեծանուն գյումրեցիներին, իսկ երկրորդը՝ Գյումրու դպրոցների այս տարվա շրջանավարտներին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, արվեստի վաստակա վոր գործիչներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրազի զավակները՝ Աստղիկ ու Վանանդ Շիրազները:
Տարին ՀՀ կառավարության կողմից հայտարարված է «Շիրազյան»: Մեծանուն բանաստեղծին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել էին դեռ ապրիլից և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում, իսկ հուլիսի 4-ին Գյումրին առավել քան երբևէ Շիրազով էր շնչում՝ բանաստեղծին նվիրված ցուցանակներով, դրոշներով, կրծքանաշաններ, իսկ երեկոյան կայացավ բացօթյա տոնական մեծ միջոցառում: Այն մեկնարկեց հայերենը պահպանելու ու փայփայելու շիրազյան խրատով, որից հետո բեմահարթակին «Գյումրվա վարպետներ»-ն էին: Վետերան պարողները բոլորին տեղափոխեցին ալեքպոլյան այն ժամանակաշրջանը, երբ ոտաբոբիկ Շիրազը վազում ու ջուր էր ծախում քաղաքի փողոցներում: Այնուհետև հերթը Գյումրու օրհներգինն էր՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Հովհաննես Շիրազի և Վլադիլեն Բայլանի «Իմ Գյումրի» երգը, որը հասարակական քննարկումների արդյունքում, Գյումրու ավագանին հայտարարել է Գյումրու օրհներգ: Ընդհանուր առմամբ, միջոցառման ողջ ընթացքում շիրազյան ոգին ու շունչն էր՝ երգ, ասմունք՝ ամենը շիրազյան խոսքերով:
Գյումրին միջացառմանը հրավիրված հյուրերին ու գյումրեցիներին, ներկայացավ այն մշակութային գանձարանով, որով հպարատնալու ու պարծենալու տեղ ունի նաև այսօր՝ Գյումրու պետական սիմֆոնիկ, «Անի» փողային, «Ժողովրդական նավագարանների» նվագախմբեր, պարային համույթներ, տարբեր միջազգային մրցույթներում հաղթած գյումրեցի արվեստագետներ:
Ողջունելով բոլորին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանայն իր խոսքում նշեց, որ լրացավ մեկ տարին, որ Գյումրին ստանձնեց «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» կոչումը, սակայն մշակությաին քաղաքը սրանով հիմք դրեց նորանոր մշակութային միջոցառումների: «Արհեստի ու արվեստի քաղաք Գյումրին կրկին իր դռներն է բացել բոլորի առջև: Գյումրին արժանի է կոչվել հավերժ մշակութային մայրաքաղաք: Տարին շիրազյանն է, և Գյումրին պետք է ըստ արժանվույն նշեր իր մեծանուն զավակների՝ Շիրազի ու Ֆրունզի ծննդյան տոները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր խոսքում նշեց Սամվել Բալասանյանը:
Միջոցառման երկրոդ մասը նվիրված էր գյումրեցի շրջանավարտենրին՝ Գյումրիի և Երևանից ժամանած էստրադային երգիչ-երգչուհիներն իրենց կատարումերով ուրախացրին բոլոր շրջանավարտներին, իսկ կեսգիշերն անց տեղի ունեցավ տոնական հրավառություն:
Արմենուհի Մխոյան