Աերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը,ով համարվում էր փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ): Նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor:
HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream (հայ. ճիչ), Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլլար)։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։
Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Մայքլ Ջեքսոնը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով:
Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից՝ ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվում է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում` նա սկսում է բեմում հանդես գալ 1964-ից՝ The Jackson 5 խմբի կազմում։ 1971-ին նա սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան է վերագրվում «Փոփ-Արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա "Thriller" ալբոմը մինչև այսօր մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ Ջեքսոնի սոլո ստուդիական 5 ալբոմները մտնում են աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմների ցանկի մեջ (Off the Wall (1979), Thriller (1982), Bad (1987), Dangerous, (1991), HIStory (1995))։ Մայքլը մասսայականացրեց այնպիսի պարային ոճեր, ինչպիսիք են «ռոբոտ»-ը և «լուսնային քայլվածք»-ը։
Նրան հաճախ անվանում են «տեսահոլովակը գովազդային արտադրանքից արվեստի վերածող»՝ նկատի ունենալով «Thriller», «Beat It», «Billie Jean», «Black or White», «Scream» տեսահոլովակները։ «Thriller», «Beat It», «Billie Jean» տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ աֆրոամերիկյան առաջին երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահն սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։