«Աստղային պատերազմներ» կինոսագայի ռեժիսոր Ջորջ Լուկասը իր թանգարանի հիմնադրման համար ընտրել է Չիկագո քաղաքը, տեղեկացնում է "Reuters" գործակալությանը:
Չիկագոյի քաղաքագլուխ Ռամ Էմանուելը ողջունել է քաղաքի նոր տեսարժան վայրի ստեղծումը: Նրա խոսքով՝ Լուկասի թանգարանը, որի նմանօրինակը չկա աշխարհում, թույլ կտա գրավել զգալի թվով զբոսաշրջիկների:
«Ջորջ Լուկասը վերջին չորս տասնամյակների ընթացքում հեղափոխություն է կատարել զանազան պատմությունների ներկայացման արվեստում, և մեզ համար մեծ պատիվ է ստանալ այդ զարմանալի ժառանգությունը»,- հայատարարել է քաղաքագլուխը:
Թանգարանում կցուցադրվեն ռեժիսորին պատկանող կտավների, նկարազարդումների և համակարգչային արվեստի ստեղծագորոծությունների հավաքածուները: Մասնավորապես, այնտեղ կներկայացվեն ամերիկացի նկարիչներ Նորման Ռոքվելի և Մաքսֆիլդ Փերիշի աշխատանքները:
Այն քաղաքների թվում, որտեղ կարող էր ստեղծվել Լուկասի թանգարանը, ավելի վաղ դիտարկվում էին Սան Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը: Ռեժիսորը խոստովանել է, որ իր համար ավելի նախընտրելի տարբերակ կլիներ Սան Ֆրանցիսկոն, սակայն նրան չի հաջողվել համաձայնության հասնել այն հողի սեփականատերերի հետ, որտեղ ինքը կցանկանար տեղավորել իր թանգարանը: Ի վերջո, ընտրությունը կանգ է առել Չիկագոյի վրա. ծնունդով այս քաղաքից է Լուկասի կինը՝ Մելոդի Հոբսոնը: