Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հունիսի 16-ին տեղի է ունեցել Հայ ավանդական երաժշտության անսամբլի անդրանիկ համերգը: Անսամբլի երգացանկը կազմված է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ձայնադարանային հավաքածուից, կոմիտասյան երգերից և նվագներից, Սայաթ-Նովայի երգերից:Ինչպես Համերգի ընթացքում անսամբլի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ -Նովայի անկրկնելի մեկնաբանություններ, համշենական «Սարի աղջիկ», «Կազ-կազի» և «Համշենական սրապար» ժողովրդական ստեղծագործությունները, «Ջավախքի շորորը», «Սանդի երգերը» և այլն:
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ 2013 թվականին ստեղծված անսամբլն առանձնանում է նվագարանային կազմով և երգացանկով: Շնորհալի երաժիշտ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ գործող, երիտասարդական կազմով նորաստեղծ անսամբլը կարճ ժամանակահատվածում աչքի է ընկել իր գործունեությամբ` մասնակցելով մի շարք հեղինակավոր միջոցառումների, հեռուստատեսային և ռադիո հաղորդումների:
Հայ ավանդական երաժշտության անսամբլի հենքը ձեռագիր մատյաններում նկարագրված ժողովրդական լարային և հարվածային նվագարանների վերականգնումն ու հանրահռչակումն է: Այդ նպատակով պատրաստվել են հայկական տավիղը, համշենական քեմանին, Սեբաստիայի սանթուրը, ծնծղայավոր դափը, զիլերը և չխչխկանները:
Այսօրինակ անսամբլն իր նվագարանային կազմով, հնչողությամբ և երկացանկով հայտնություն է՝ բոլորովին նոր ոճ և գույն հայկական ժողովրդական երաժշտության ասպարեզում: