Սալոնիկում Հունաստանի կանանց միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջազգային Food Festival փառատոնը, որին մասնակցել են նաև Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:
«Արմեպրես»-ի հետ զրույցում Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչ Աննա Խասապը տեղեկացրեց, որ համայնքը մրցույթ-փառատոնին շատ լավ է մասնակցել, ներկայացրել ոչ միայն ավանդական հայկական կերակրատեսակներ, այլև ազգային երգ, երաժշտություն և պարային համարներ:
«Հայկական տաղավարի մոտ միշտ հնչում էր հայկական երաժշտություն, այն բազմամարդ էր և հյուրերը հետաքրքրվում էին, թե ինչպես ենք պատրաստել այս կամ այն ճաշատեսակը»,- ասաց Աննա Խասապը` հավելելով, որ միջոցառմանը մասնակցել են համընդհանուր ջանքերով և իրենց օժանդակությունն են ցուցաբերել նաև Սալոնիկում գործող «Անի» մասնաճյուղի անդամները, ովքեր աջակցել են կերակուրների և քաղցրավենիքի պատրաստման հարցում:
Մի քանի տասնյակ համայնքների մասնակցությամբ անցկացվող փառատոնին հայ համայնքը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` հավաքելով ավելի քան 400 կտրոն: Փառատոնը բարեգործական է և ուղղվել է կարիքավոր մարդկանց աջակցությանը: «Սա շատ լավ առիթ է ոչ միայն օտարներին հերթական անգամ հայկական մշակույթն ու խոհանոցը ներկայացնելու, այլև մեր մասնակցությամբ ցույց տալու, որ հայերը Հունաստանի քաղաքացիներ են և ամեն ջանք գործադրում են Հունաստանի բարեկեցության համար: Սա շատ կարեւոր է, քանի որ Հունաստանը, որպես պետություն միշտ հայերի և Հայաստանի կողքին է, և մենք` հայ համայնքի ներկայացուցիչներս, դա շատ ենք կարեւորում»,- ասաց Աննա Խասապին: