«Թոնի» թատերական մրցանակի պարգեւատրման 68-րդ արարողության ժամանակ Բրոդվեյի 2014 թվականի լավագույն մյուզիքլ Է ճանաչվել «Ջենտլմենի սիրո եւ սպանության ուղեցույց» (A Gentleman's Guide to Love & Murder) ներկայացումը: Միջոցառումը, որը հունիսի 8-ի երեկոյան տեղի Է ունեցել «Ռադիո-սիթի մյուզիք հոլ» դահլիճի բեմում, վարել Է հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ջենտլմենի սիրո և սպանության ուղեցույց» մյուզիքլը հաղթել Է ևս երեք կատեգորիաներում, ներառյալ «լավագույն ռեժիսուրան»:
Մրցանակի ժյուրին Բրոդվեյի վերջին շոուներն ու ներկայացումները գնահատել Է 26 անվանակարգերում: Մյուզիքլի լավագույն դերասան է ճանաչվել Նիլ Փատրիկ Հարիսը, որը հայտնի Է «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» (How I Met Your Mother, 2005-2014) սերիալից: Դերասանը պարգևի է արժանացել «Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը» (Hedwig and the Angry Inch) մյուզիքլում խաղացած դերի համար, որն ընդհանուր առմամբ հաղթել է չորս անվանակարգերում, ներառյալ «լավագույն վերականգնված մյուզիքլ» անվանակարգում:
Կնոջ լավագույն դերի համար «Թոնին» ստացել է Ջեսի Մյուլլերը, որը խաղացել է «Գեղեցկուհին. Մյուզիքլ Քերոլ Քինգի մասին» (Beautiful - The Carole King Musical) ներկայացման մեջ:
2014 թվականի լավագույն ներկայացում է ճանաչվել «Այդ ամբողջ ուղին» (All the Way): Դրանում գլխավոր դերի համար պարգեւի Է արժանացել «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Բրայան Քրենստոնը՝ «Ամեն ինչի պատրաստ եմ» (Breaking Bad, 2008-2013) սերիալի աստղը:
«Թոնի» մրցանակն ամեն տարի շնորհվում է ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած նվաճումների համար: Այն անվանվել է ի պատիվ ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր և բարեգործ Անտուանետ Փերիի, որը կյանքից հեռացել Է 1946 թվականին: «Թոնին» համարվում է կինոյում «Օսկարի», երաժշտության մեջ «Գրեմմիի» և հեռուստատեսության բնագավառում «Էմմիի» անալոգը: Մրցանակի դափնեկիրներին հանձվնում Է պատվանդանին ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ողբերգության եւ կատակերգության անտիկ դիմակները, իսկ մյուս կողմում՝ Փերիի կիսադեմը: