
Կառլա Բրունին՝ հեղինակավոր Victoires de la musique ազգային մրցույթի հաղթողը և Ֆրանսիայի «Տարվա լավագույն երգչուհին» տիտղոսակիրը, առաջին հյուրախաղերով ժամանել է Ռուսաստան: Նրան ուղեկցում է իր ամուսինը՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Այդ մասին նա պատմել է իր առաջին մենահամերգի նախօրյակին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում, որը հունիսի 2-ի երեկոյան տեղի է ունենալու երկրի մայրաքաղաքի Երաժշտության տանը:
«Ցավոք իմ ընտանիքին ոչ այնքան հաճախ է հաջողվում ուղեկցել ինձ: Բայց ամեն անգամ, երբ դա ստացվում է, ամուսինս ընկերակցում է ինձ: Այս անգամ ես բերել եմ նաև դստրիկիս՝ Ջուլյային, որն այժմ երկու տարեկան է: Նրանց ներկայությունը, անշուշտ, օգնում Է ինձ»,-խոստովանել է երգչուհին:
Բրունին Մոսկվա Է ժամանել իր առաջին համաշխարհային մեծ շրջագայության շրջանակներում: Ռուսաստանցի հանդիսականը համերգի ընթացքում կունկնդրի ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ:
Բրունիի համերգի տոմսերը վաճառքի էին հանվել ապրիլի սկզբին: Դրանց արժեքը եղել է 1200-ից մինչև 7 հազար ռուբլի: Երգչուհու հյուրախաղերի կազմակերպիչների խոսքով՝ սպասվում է անշլագ: Ինչպես և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Միխայլովյան թատրոնի բեմում նա ելույթ կունենա հունիսի 4-ին: «Ես անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստանում կայանալիք ելույթներիս»,- ասում է ֆրանսուհին:
Կառլա Բրունին երգչուհու կարիերան սկսել Է 1997 թվականին: 2002 թվականին նա թողարկել է իր «Ինչ-որ մեկն ինձ ասաց» առաջին ալբոմը՝ իր գրած ֆրանսերեն և իտալերեն երգերով: Իսկ 5 տարի անց թողարկվել Է «Առանց խոստումների» երկրորդ ձայնապնակը: 2008 թվականի փետրվարին Կառլա Բրունին դարձել է Ֆրանսիայի առաջին տիկինն՝ ամուսնանալով Նիկոլա Մարկոզիի հետ: Եվ նույն տարվա հուլիսին թողարկվել է «Կարծես թե ոչինչ չի պատահել» վերտառությամբ նրա երրորդ ալբոմը: