
Ամիսներ առաջ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Էմկային մարմնավորող դերասանուհի Լիկա Սալմանյանը ESem.am-ին պատմել էր, որ խաղալու է «Համլետ» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորելու է Օֆելյային: Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ Լիկան չի խաղալու այս ներկայացման մեջ: Օֆելյային կմարմնավորի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով լսարանին առավել հայտնի է որպես «Քաղաքումի» Սուսիկ:
«Չեմ ցանկանում շատ խոսել այդ մասին, ուղղակի կային բաց, համբույրի տեսարաններ, և ես հրաժարվեցի խաղալ: Բեմում պետք է ազատ լինել: Ես հասկացա, որ դեռ չունեմ այն ազատությունը, որը պետք է բեմի համար, գուցե դեռ այդքան չեմ աճել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Լիկան, ում խոսքով` ստեղծագործական թիմի հետ շատ լավ համարաբերությունների մեջ է: Այնումանենայնիվ, նրանից տեղեկացանք, որ պրեմիերայի հրավեր դեռևս չի ստացել: Ինչ վերաբերում է Անահիտին, Լիկան ասաց, որ նա շատ լավ դերասանուհի է:
Սերիալային դերասանուհու խոսքով` այս փուլում ունի թատրոնում խաղալու այլ հեռանկարներ, սակայն դեռ չի ցանկանում բարձրաձայնել դրանք:
«Համլետի» ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ ESem.am-ին ասաց, որ Օֆելիային համար 6-7 թեկնածու են ունեցել, այդ թվում` Նարինե Գրիգորյանը, Լիկա Էլբակյանը: «Մենք Թատերական ինստիտուտի և հանրապետության մասշտաբով քասթինգ էինք հայտարարել, ես շատերի հետ եմ աշխատել: Բոլորն էլ ինձ համար հրաշալի մարդիկ են եղել, բոլորի հետ էլ հաճույքով եմ աշխատել, սակայն վերջնական տարբերակում մնաց Անահիտ Կիրակոսյանը, ասաց պրն Չալդչանյանը` հավելելով,- թատրոնում ես պայման եմ դնում` ինչ-որ շրջանում դերասանը կարող է փոխարինվել, թե՛ իր մեղքով, թե՛ իմ մեղքով, օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ պատճառներով»:
Մեր հարցադրմանը, ըստ որի, սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, հաստատվել էր Լիկայի թեկնածությունը, Չալդրանյանը պատասխանեց, որ մինչև պրեմիերա հաստատված ոչ մի թեկնածու չի եղել. «Սա կինո չէ, որ սկսես, հետո չկարողանաս դերասանին փոխարինել: Ռեժիսորը շատերի հետ է աշխատում»,- ասաց նա և հավելեց, որ Անահիտից շատ գոհ է, ինչ վերաբերում է Լիկային, ռեժիսորը նշեց, որ նա շատ լավ մարդ է: «Շատ կարճատև գործնական շփում ենք ունեցել, որից հետո ընկերաբար բաժանվեցինք: Կային պրոֆեսիոնալ խնդիրներ. ռեժիսորի պայմանները մեկն ընդունում է, մյուսը` ոչ, ռեժիմի, փորձերի խնդիր կա… վերջնական արդյունքն այն է, որ այսօր Օֆելիային մարմնավորում է Անահիտ Կիրակոսյանը, որից շատ-շատ գոհ եմ»,- ավելացրեց Չալդրանյանը` նշելով, որ ինքը որևէ դերասանի մասին վատ բան չի ասում, քանի որ «դերասան սիրող ռեժիսոր» է:
Նշենք, որ ներկայացման առաջնախաղը կկայանա վաղը` Համազգային թատրոնի բեմում:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը