Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում մայիսի 13-ին կբացվի երիտասարդ ինքնուս նկարչուհի Սիրարփի Ջիլավյանի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նկարչուհի Սիրարփի Ջիլավյանը 18 տարեկան է, սովորում է Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղի դպրոցի 12-րդ դասարանում:

 

Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են հարազատ գյուղում: 2014 թվականի մարտի 12-ին դպրոցականների շրջանում անցկացված արվեստի մանկապատանեկան միջհամայնքային փառատոնին լավագույն մասնակցության համար արժանացել է պատվոգրի:


Նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել շնորհալի ստեղծագործողների աշխատանքները տարածաշրջանի բնակչությանը և բացահայտել նոր անուններ: