Esem.am-ը գրում է.

 

 

Դերասան Արմեն Մարգարյանի համար հեռուստատեսային վերջին նախագիծը եղել է «Շտապօգնություն 3D» բազմասերիանոց ֆիլմը, որից հետո Թատերականի դերասանական բաժինն  ավարտած դերասանը հիմնականում թատրոնում է զբաղված եղել: Մոտ երեք ամիս է` Արմենն աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մինչ այդ  նա Կամերային երաժշտական թատրոնի դերասան էր: Դերասանի փոխանցմամբ` այնտեղից դուրս է եկել զբաղվածության և ստեղծագործական տարաձայնության պատճառով:

 

 

 

 «Դիմեցի Պարոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին և ընդունվեցի թատրոն. այստեղ երիտասարդ շունչ կա, շատ տարբեր դերեր նախատեսված են հենց երիտասարդ դերասանների համար. էլ ի՞նչ է պետք դերասանին, եթե ոչ տարբեր դերակատարումներ»,-նկատեց Արմենը, ով այժմ զբաղված է «Էսպես մինչև երբ», «12-րդ գիշեր», «Կարինե» ներկայացումներում: Նրա դերասանական գործունեությունը չի սահմանափակվում միայն Պարոնյան թատրոնով. նա խաղում է նաև «Սիրահարված տաքսիստը» և  «32»-ի «Պարույր Սևակ» ներկայացումներում:

 

 

 

Մայիսի վերջին Արմենը հանդիսատեսին կներկայանա մոնոներկայացմամբ: «Ապրելու իրավունք» անունն ունեցող ներկայացման սցենարի հեղինակը հենց դերասանն է: «Այս պիեսի վրա աշխատել եմ մոտ երկու տարի: Այն սոցիալական բնույթ ունի. խոսվում է ինքնասպանության մասին և նկարագրվում, թե այդ իրավիճակում մարդը հոգեբանական ինչ զարհուրելի վիճակում կարող է հայտնվել»,- ասաց դերասանը և ավելացրեց, որ երկու տարիների ընթացքում զրուցել է հոգեբանների, երիտասարդների,  ուսանողների հետ, ովքեր փորձել են ինքնասպան լինել: «Հոգեբանների հետ զրույցում պարզեցի, որ ինքնասպանություն գործող մարդը կարող է զավեշտալի վիճակում հայտնվել` իրեն ենթարկելով ինչ-որ փորձությունների, օրինակ,  նա կարող է հեռախոսը վերցնել, զանգահարել հինգ հոգու ու մտածել, եթե առաջինը չպատասխանի, ուրեմն ինքնասպան եմ լինում կամ նմանատիպ այլ բաներ»,- հավելեց դերասանը:

 

 

 

 

Արմենի փոխանցմամբ` սցենարի հիմքում իրական պատմություն է: «Իրական պատմության հերոսը տաքսու վարորդ է, ով երեխայի է մեքենայի տակ գցել և մտածելով, թե նա մահացել է, վախից փախչում է ամենքից ու ամեն ինչից: Նա սկսում է վազել ու մի բարձր տեղից վայր է ընկնում, սակայն չի մահանում, հայտնվում է հիվանդանոցում, որտեղ էլ պարզում է, որ այդ երեխան չի մահացել»,-պատմեց դերասանն ու նշեց, որ ներկայացման մեջ այս ամենը գեղարվեստական է ներկայացվում: «Հերոսին ինչ-որ բան անընդհատ հետ է պահում ինքնասպանություն գործելուց. հնչում է հեռախոսազանգ կամ խանգարող մեկ այլ բան է լինում»,- հավելեց Արմենը, ում խոսքով` ներկայացման գործողությունները կատարվում են շենքի տանիքում: «Ի վերջո հերոսը նետվում է տանիքից»,-ասաց 2013-ին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Տարվա լավագույն դերասանի կոչմանն արժանացած Արմենը` մինչև վերջ չբացահայտելով ներկայացման ավարտը:

 

 

 

 

Դերասանից հետաքրքրվեցինք` խոսելով ինքնասպանության մասին, մտավախություն չունի՞, որ ևս մեկ անգամ այն կքարոզվի «Կարծում եմ` եթե խնդիրը կա և դրա մասին ընդհանրապես չի խոսվում` սխալ է: Նույնիսկ գրականության մեջ է ընդունված` խնդիրները ծաղրելով ներկայացնելը: Ի վերջո, մեր նպատակը լավ ներկայացում և, ինչու չէ, նաև լավ արձագանքներ ունենալն է,-ասաց Արմենը ու տեղեկացրեց, որ հերոսը դրական կերպար է,- այն կետերը, որոնք մտածել ու գրել եմ, կարծում եմ, որոշ չափով ընդգծված կլինեն ու կհասնենք նրան, որ մարդիկ հասկանան` ինքնասպանությունը ելք չէ»:

 

Նշենք նաև, որ «Ապրելու իրավունք» մոնոներկայացման ռեժիսորը Արթուր Սարիբեկյանն է, կոմպոզիտորը` Արթուր Հակոբյանը, իսկ բեմանկարիչը` Տաթևիկ Հարությունյանը:

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը