Հայտնի հայ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը պատրաստվում է 2015 թվականին Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող հայկական եկեղեցիներում համերգներով հանդես գալ: Այս մասին Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է երաժիշտը: Նա նախ պատմել է, որ ծնվել է Գյումրիում, որտե ղ իր ընտանիքը մեծ դժվարություններ է ունեցել: «Ընտանիքիս հետ միասին մեծ դժվարություններ էինք կրում: Ես ծնվեցի 1987 թվականին, մեկ տարի անց պատերազմ սկսվեց: Երկրաշարժ եղավ: Խորհրդային միությունը փլուզվեց: Շատ դժվար տարիներ սկսվեցին: Լույս, վառելիք չունեինք: Հայրս առավոտյան 5-ին արթնանում էր և հացի հերթ կանգնում… Այդ օրերը ձևավորեցին թե’ իմ կյանքը, թե’ իմ արվեստը»,- պատմել է Համասյանը: Նա նշել է, որ թե’ մորական, թե’ հորական կողմի ընտանիքները Կարսից են, ովքեր 1915 թվականից հետո տեղափոխվել են Գյումրի: Դեռևս մանուկ տարիքում Համասյանը իմացել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամները փրկվել Ցեղասպանությունից: Ավելի ուշ, տատն ու պապը ծանոթացել են հենց Գյումրու որբանոցում: Իսկ տատիկի եղբայրներից, ովքեր ուղարկվել էին ԱՄՆ, իրենք երբեք տեղեկություն չեն ստացել:

 

Խոսելով արվեստի վրա քաղաքականության հնարավոր ազդեցության մասին` Համասյանը նշել է. «Չեմ կարծում, որ ճիշտ է քաղաքականությունը խառնել արվեստի ու երաժշտության հետ: Քաղաքականությունը կարող է ազդել արվեստի վրա, սակայն չպետք է այն ոգեշնչի: Կարծում եմ արվեստը սիրուց և հենց արվեստից պետք է ազդվի»: Նա պատմել է, որ հայկական ժողովրդական երաժշտությունն իր համար հայտնաբերել է 13-14 տարեկանում: «Շատ ջանք թափեցի, որպեսզի հասկանամ, թե ինչ է ժողովրդական երաժշտությունը և շատ ուրախացա, երբ այն բացահայտեցի, դուռը բացելով` ներս մտա: Ինչպես լեզուն են սովորում, այդպես երաժշտությունը սովորեցի: Այդ լեզուն արյանս մեջ էր, միայն թե պետք էր այն ճիշտ ուղղորդել, արթնացնել»,- պատմել է Համասյանը:

 

Պատմելով, որ առաջին անգամ Ստամբուլ է եկել և այստեղ համերգ է ունեցել 2012 թվականին` հայ երաժիշտը խոսել է այնտեղ ունեցած իր ապրումների մասին: Նա ցավով է խոսել Թուրքիայում տեսած ազգայնականության, կրոնական մոլեռանդության մասին: «Թուրքիայի հայերը վնաս չեն պատճառել այս հողերին, հակառակը, կառուցել են, ստեղծել են, հիմնել են: Նայեք Վանի, Կարսի նման շրջաններին, որտեղ հայերը բնակություն էին հաստատել: Այդ վայրերի կառույցները, մշակույթը պահպանելու, դրանցով պարծենալու փոխարեն աշխատում են դրանք քանդել` ասելով, թե հայերն են ստեղծել: Ոչնչացնել մի ժողո վուրդ, մի մշակույթ… Իրենց որակում են որպես կրոնավոր, սակայն ինչպես են Աստծու դեմ դուրս գալիս, չգիտեմ: Վշտալի է, երբ չես կարողանում քեզնից անգամ մեկ հետք գտնել այն հողերից, որտեղից արմատներդ են: Ցանկանում եմ վերադառնալ արմատներիս, այդ վայրերում համերգներ տալ»,-նշել է Համասյանը: Նա տեղեկացրել է, որ գալիք տարվա ընթացքում ոչ միայն Ստամբուլում, այլ նաև Կարսում, Անիում, Վանի Աղթամար կղզում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում` առնվազն յոթ տարբեր վայրերում, ցանկանում է հայկական երգեր նվագել: «Ուզում եմ այդ եկեղեցիներին կյանք տալ, ոգի հաղորդել նախկինում կենդանի ժողովուրդներին, մշակույթներին: Դա միաժամանակ ինձ համար անձնական ճանապարհորդություն կլինի»,- ասել է Համասյանը:

 

Հարցազրույցի վերջում դիմելով «Ակոս»-ի ընթերցողներին` նա կոչ է արել տեր կանգնել իրենց լեզվին` ընդգծելով, որ կորցնելով լեզուն, կկորցնեն նաև իրենց ինքնությունը: «Բոլորս մեկ ենք, բոլորիս արմատները մեկն են: Ավելի հաճախ պետք է հանդիպենք, ավելի խորը կապեր պետք է հաստատենք: Սխալ է ամեն բանի նայել քաղաքական շրջանակներից: Ի վերջո քաղաքականությամբ չէ, որ մահանալու ենք: Երբ հասնենք վերջին, կարևոր է լինելու այն, թե որքանով ենք մեկս մյուսին հասկացել»,- կարևորել է Համասյանը: