Հայաստանի պետական կամերային նվագախումբը և իտալացի անվանի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Ջազի միջազգային օրվա առթիվ անակնկալ մատուցեցին ունկնդիրներին: Նվագախումբը և սաքսաֆոնահարը ապրիլի 30-ին հայ ունկնդրի դատին ներկայացան «Անմոռանալի Բիթլզ» խորագրով համերգային երեկոյով` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Տոնական երեկոյին մասնակցեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այս անգամ նվագախումբը հանդես եկավ հենց Մոնդելչիի ղեկավարությամբ, քանի որ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը մեկնել էր Հայաստանից: «Ֆեդերիկո Մոնդելչին բազմիցս հանդես է եկել որպես դիրիժոր: Նա համաձայնեց ղեկավարել նվագախումբը, քանի որ ես Հայաստանում չեմ լինելու: Համերգը կշահի, ոչ թե կտուժի, որովհետև միջնորդ չի լինի մենակատարի և նվագախմբի միջև»,-լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նշել էր Վահան Մարտիրոսյանը, ով իր կանխատեսումով չսխալվեց, քանի որ Մոնդելչին կարողացավ մեծ հաջողությամբ համատեղել մենակատարի և դիրիժորի պաշտոնները:
Առաջին անգամ Հայաստանում հնչեցին հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby, Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսաֆոնի համար: Հնչեց նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի, Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
«Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ Հայաստանում եմ: Ես արդեն չորս կամ հինգ անգամ եմ այստեղ եմ եղել: Այստեղ շատ հարմարավետ եմ ինձ զգում: «Անմոռանալի Բիթլզը» նոր նախագիծ է, որը պետք է իրականացվեր նախորդ տարի, սակայն որոշ պատճառներով հետաձգվեց: Հանդիսատեսը շատ լավն էր: Ընդհանուր առմամբ, ես հասկացա, որ հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ է մասնակցում համերգների»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆեդերիկո Մոնդելչին:
Մոնդելչին և նվագախումբը Հայաստանում հանդես եկան 4 համերգներով: Ապրիլի 26-ին նվագախումբը և սաքսաֆոնահարը ելույթ ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այնուհետև հաջորդ օրը Մոնդելչին ներկայացավ «Մեցցո» ակումբում: Մոնդելչին և նվագախումբը հանդես են եկել նաև Արցախում: Ապրիլի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել համերգ` նույն ծրագրով:
Իտալացի սաքսաֆոնահար Մոնդելչին ելույթներ է ունեցել Գերմանիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում կայացած սաքսաֆոնահարների համաշխարհային փառատոններում՝ ներկայացնելով Իտալիան: Իբրև մենակատար ելույթներ է ունեցել նաև Իտալիայի բոլոր խոշորագույն նվագախմբերի հետ, այդ թվում` Սեյջի Օզավայի ղեկավարությամբ' Միլանի «Դելլա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախմբի և BBC-ի ֆիլհարմոնիկի հետ: Վերջին համերգաշրջաններին նա հաճախակի հանդես է եկել Ռուսաստանում և սերտորեն համագործակցում է Մոսկվայի կամերային նվագախմբի հետ: Մոնդելչին համերգների ժամանակ հանդես է գալիս որպես սաքսաֆոնահար և դիրիժոր:
Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում առաջին անգամ եղել է ութ-ինը տարի առաջ և այդ ժամանակից սկսած հիացել է հայ երաժշտասերների ունկնդրելու կարողությամբ: Սաքսաֆոնահարը նախորդ տարի ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` նվագախմբի հիմնման 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոյի ընթացքում: