«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի կտոնի իր ստեղծման 10-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, հոբելյանական իրադարձությունն այս տարի կմեկնարկի մայիսի 7-ին և կշարունակվի մինչև հունիսի 3-ը: Նախատեսված է մշակութային տոնի շրջանակներում կազմակերպել վեց տոնական երեկո:

 

Փառատոնը հանդիսավորությամբ կմեկնարկի Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի և մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի (Շվեյցարիա) համատեղ ելույթով: Նվագախումբը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

 

Այնուհետև, մայիսի 10-ին կանցկացվի «Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկներ» խորագրով համերգ: Մայիսի 16-ին սպասվում է հոգևոր, իսկ 21-ին վոկալ երաժշտության երեկոներ: Վերջինս նվիրվելու է Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին:

 

Մայիսի 27-ին կանցկացվի «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագրով երեկո: Համերգի հատուկ հյուրն է լինելու կոմպոզիտոր Վիլլի Վայները:

 

Փառատոնի հանդիսավոր փակումը հունիսի 3-ին կազդարարի «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագրով երեկոն: Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը (Շվեյցարիա):

 

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի նպատակն է հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներն արվեստասեր հանրությանը ներկայացնելը:

 

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում: