Հայաստանում մեկնարկում է «Մայքրոսոֆթ» ընկերության գլխավոր ուսանողական միջոցառումը՝ «Երևակայության գավաթը», որը հնարավորություն է տալիս երիտասարդներին մշակել նորարարական ծրագրեր և դրանք իրագործելու հնարավորություն ստանալ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնից, այս տարի մրցույթը կանցկացվի 12-րդ անգամ և կունենա 3 հիմնական անվանակարգեր՝ Խաղեր, Նորարարություն, Համաշխարհային համագործակցություն:

 

Այս տարի համաշխարհային եզրափակիչը տեղի կունենա «Մայքրոսոֆթի» հայրենի քաղաքում՝ Սիեթլում, որտեղ Հայաստանի հաղթող թիմը կմրցի ողջ աշխարհից ժամանած այլ երիտասարդների հետ և հնարավորություն կունենա շահել Երևակայության գավաթը, ինչպես նաև 50 հազար ԱՄՆ դոլար մրցանակը: Այս տարի մրցույթը մասնակիցներին տալիս է նաև լրացուցիչ հնարավորություն շահելու 3 հազար ԱՄՆ դոլար մրցանակ։ Դրա համար հարկավոր է ձայնագրել տեսահոլովակ՝ ոչ ավելի, քան 3 րոպե տևողությամբ և ներկայացնել առանց սլայդերի, գրաֆիկների և նկարների՝ պարզապես պատմելով:

 

2013 թ. «Երևակայության գավաթ»-ին մասնակցել էն 71 երկիր ներկայացնող 81 թիմ, որոնք հավաքվել էին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր Lionsharp թիմը՝ իր Voiceboard նախագծով: