«Սև, դառը SHOCKոլադ» անտրակտ-մտորումով նոր ներկայացում
Այսօր` ապրիլի 11-ին, տեղի ունեցավ «Սև, դառը SHOCKոլադ» ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Սև, դառը SHOCKոլադ» բեմադրության ստեղծագործական խմբի կողմից ներկայացվեցին բեմադրության հիմնական գաղափարային ուղերձները, նպատակը, բարձրացվող խնդիրները և ձևաչափի առանձնահատկությունները:
«Սև, դառը SHOCKոլադ» ներկայացման սցենարի հեղինակ Էմմա Պետրոսյանի խոսքերով` սա իր առաջին փորձն է թատերարվեստում, թեև վաղուց էր նախատեսել գրել հենց կին-տղամարդ հարաբերությունների թեմայով որևէ պիես: Խոսելով ներկայացման գաղափարի մասին, Էմմա Պետրոսյանը ասաց, որ պիեսի հիմքում ներումն է, երկու հերոսների՝ կնոջ և տղամարդու միջև ամենապարզ բախումներ են, որոնք պետք է հանգեցնեն ներման:
«Սև, դառը SHOCKոլադ» ներկայացման ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի խոսքերով ներկայացումը սիրո, դավաճանության, կին-տղամարդ հակասություններով և կոնֆլիկտներով լի փոխհարաբերությունների մասին է: Ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պիեսի գործողությունները, բացի առաջին 7 րոպեից տեղի են ունենում վերելակում, որտեղ հանդիպում են միմյանց բոլորովին անծանոթ կին և տղամարդ: Ներկայացման հիմքում հարցն է՝ ո՞վ է մեղավոր բաժանման համար՝ տղամարդը, թե՞ կինը: Իսկ, թե ինչու է ներկայացումը կոչվում «Սև, դառը SHOCKոլադ», Սուրեն Շահվերդյանը չցանկացավ բացել ամբողջ փակագծերը` նշելով, որ հարցի պատասխանը հանդիսատեսը անպայման կգտնի ներկայացման ավարտին:
Լրագրողների այն հարցին, թե ի վերջո ըստ ներկայացման սցենարի ով է մեղավոր` կինը, թե՞ տղամարդը, ներկայացման գլխավոր դերակատար Արամոն պատասխանեց, որ իրենք երբեք չեն փորձում որևէ կարծիք պարտադրել և վերջին եզրահանգումը անշուշտ հանդիսատեսինն է:
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, կիսելով իր տպավորությունները, ասաց, որ շատ ուրախ է նման տաղանդավոր և լավ մարդկանց հետ աշխատելու համար և ներկայացման մեջ խաղալու առաջարկ ստանալուն պես միանգամից համաձայնվեց։ Դերասանուհուն շատ էր դուր եկել սցենարը, և բացի այդ միշտ ցանկացել է խաղալ ներկայացման մեջ, որի հեղինակը կլինի կին:
«Սև, դառը SHOCKոլադ»-ը անտրակտ մտորումով հոգեբանական դրամա է: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 15-ին և 16-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: