Եթե չհաշվենք հորմոնային խանգարումներն ու գաստրիտը, որոնց դեպքում մարդը կարող է անընդհատ քաղցի զգացում ունենալ, ապա կարծես թե շատակերության հիմքում հիմնականում մեծ դեր ունեն հոգեբանական մոտիվները: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ մասնագետները համարում են, որ այդ հոգեբանական վիճակները կարելի է վերահսկել:
Եթե սնունդը ձեր հարմարավետության ու հանգստության գլխավոր աղբյուրն է, ապա չի բացառվում, որ դուք սթրեսների ժամանակ կարող եք շատ ուտել:

 

 

Բոլորին է հայտնի, որ մարդ նյարդային լարված վիճակի պատճառով 2 օրում կարող է ազատվել 2 կգ քաշից, բայց այն չի կարող օգուտ բերել օրգանիզմին, այլ ճիշտ հակառակը` բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա:

 

 

Սթրեսի ժամանակ արտադրվող հորմոնը` ադրենալինն, ինչ խոսք, քայքայում է ճարպերը, բայց հենց նույն ադրենալինը քիչ ժամանակ անց կարող է սարսափելի քաղցի զգացում առաջացնել: Իսկ որպես կանոն, ավելի ընդունած սննդի էներգետիկական արժեքը գերազանցում է սթրեսի ժամանակ կորցրածին: Բացի այդ, նման հոգեվիճակների ժամանակ մարդիկ հաճախ են ընդունում հանգստացնող պրեպարատներ ու ալկոհոլ, իսկ թե մեկը, թե մյուսը նպաստում են քաշի ավելացմանը:

 

 

Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ սթրեսներին «գրագետ վերաբերվել», այսինքն` սթրեսի դեմ պայքարել ոչ թե դեղերով, ալկոհոլով ու սնունդով, այլ օրինակ` ընդունել արոմատիզացված լոգանք, հեռախոսով խոսել, դուրս գալ զբոսնելու: Սթրեսի դեմ լավագույն միջոց է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ եթե սթրեսային վիճակները շատ խորն են, ապա առաջին հերթին պետք է դիմել մասնագետի:

 

 

Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում:

 

 

Չի կարելի սնվել նաև կախվածություն առաջացնող խաղեր խաղալիս, քննությունների պատրաստվելիս, քանի որ, բացի այն, որ չենք լսում օրգանիզմի հրահանգները, այլ նաև նյութը յուրացվում է շատ դանդաղ ու անորակ:

 

 

Մի խոսքով, երբ հոգեկանը հսկողություն է իրականացնում մի այլ ավելի կարևոր գործընթացի վրա, ապա մյուս հրահանգները ձեզ լսելի չեն, իսկ երբ հասկանում եք, որ շատ եք կերել, արդեն ուշ է լինում: