Life.panorama.am-ը գրում է.

 

Տղամարդու աչքերն ավելի լավ են ընկալում մանր դետալներն ու շարժվող օբյեկտները, իսկ կնոջ աչքերն ավելի զգայուն են գույնի փոփոխության նկատմամբ: Նման եզրակացության են եկել Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտնականները: Ինչպես այլ զգայարանների պարագայում` տեսողության հարցում նույնպես սեռերի միջև ընդգծված տարբերություններ կան:

 

Հետազոտության մեջ համեմատում էին 16 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց տեսողությունը, որոնք նորմալ խրոմատիկ և սուր տեսողություն ունեին: Հետազոտության առաջին հատվածում նրանց խնդրում էին նկարագրել ցուցադրվող տարբեր գույներ: Պարզվում է, որ տղամարդկանց դեպքում գույնի նույն երանգը նկատելու համար, որը կանայք առանց դժվարության տեսնում են, ավելի երկար ժամանակ է պահանջվում: Բացի այդ` տղամարդիկ չեն կարողանում կանանց պես զանազանել միևնույն գույնի տարբեր երանգները:

 

Մյուս փորձարկման ժամանակ մասնակիցներին առաջարկում էին տարբերակել արագ փոփոխվող տարբեր հաստության և երկարության գծերից կազմված պատկերներ: Այս անգամ առավելությունը տղամարդկանցն էր:

 

Գիտնականների կարծիքով` այս տարբերությունները ձևավորվում են երկու սեռերի մոտ դեռ սաղմնային վիճակում սեռական հորմոնների ազդեցության ներքո: