Այսօր Yerevan Mall-ում կայացավ երգիչ Անդրեի նոր`«Իմ Հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:
Շնորհանդեսի մեկնարկը տրվեց մամուլի ասուլիսով. «Իսկապես շատ-շատ հուզված եմ, կարծես առաջին, այլ ոչ թե 6-րդ ձայնասկավառակիս շնորհանդեսը լինի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»:
Պատասխանելով հարցին, թե որն է նոր ձայնասկավառակի իր ամենասիրելի երգը` Անդրեն ասաց. «Ձայնասկավառակիս ամենասիրելի երգերն են` «Հայաստանս», «Իմ հոգի», «Քեզ տեր եմ», և «Ես կդառնամ» ստեղծագործությունները, այսինքն` բոլոր լիրիկական երգերը: Կարծում եմ Սուրեն Կնյազյանի մոտ, հատկապես, այդ ոճը շատ գեղեցիկ է ստացվում»: Երգիչն ասաց, որ նոր ձայնասկավառակի երգերից մի քանիսը անպայման կունենան տեսահոլովակներ, սակայն առայժմ դժվարացավ նշել, թե որոնք կլինեն այդ երգերը:
Ասուլիսից անմիջապես հետո Անդրեն ողջունեց իր հյուրերին և երկրպագուներին Սուրեն Կնյազյանի հեղինակած «Քամիներ» երգով:
Անդրեին երգերով և շնորհավորանքներով ողջունելու էին եկել նաև «Հայ Սուպերսթար 1» Սուսաննա Պետրոսյանը, «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանը, «Նոր ալիք 2012»- iն Հայաստանը ներկայացրած Սուրեն Առուստամյանը, «X-Factor» նախագծի մասնակիցներ Լենա Ղազարյանն ու Կարինա Խաչատրյանը, հեղինակ-կատարող Նիկ Էգիբյանը, «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանն ու փոքրիկ Միկան: Արարողության հանդիսավարն Ավետ Բարսեղյանն էր: «Շնորհավորում եմ Անդրեին ձայնասկավառակի շնորհանդեսի կապակցությամբ: Մաղթում եմ բազում շնորհանդեսներ»,- ասաց Լենա Ղազարյանն ու ավելացրեց, որ Անդրեի հետ համագործակցությունն իրեն շատ է օգնել կայանալու հարցում. «Հուսով եմ` մեր համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ես իրեն շատ եմ սիրում»:
«Անդրեին ցանկանում եմ, որ շատ երջանիկ լինի: Թող նրա բոլոր նպատակներն իրականանան: Ինքն այնքան հոգով է երգում, պարզ, անկեղծ և մաքուր: Մաղթում եմ, որ իր կյանքն էլ իր երգերի նման լինի»,-ասաց շնորհանդեսին ներկա երգչուհի Մարին:
«Ես Անդրեին շատ եմ սիրում: Նա ինձ համար հանդիսանում է ոչ միայն ղեկավար, այլև ավագ ընկեր: Այն, ինչ իրեն պետք է, նա արդեն ունի, միակ բանը որ նրան կցանկանամ` առողջությունն է»,-նշեց Կարինա Խաչատրյանը: