Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության Google Street View ծառայությունն այժմ էլ որոշել է իջնել ջրի հատակն ու ուսումնասիրել մարդկանց աչքից քողարկված խորքերը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ծառայության ջրային բազան հարստացնելու համար սուզորդները, օգտագործելով հատուկ տեսախցիկներ, նկարահանում են Սիդնեյի ծովածոցն ու դրա բնակիչներին։ Բացի այդ, նկարահանումներ են անցկացվում Բոնդի և Մենլի լողափերի հատակին։
Ստացված լուսանկարները ոչ միայն հասանելի կդառնան միլիոնավոր օգտատերերի համար՝ բացահայտելով ջրի տակ կյանքը, այլև հավելյալ տեղեկություններ կտրամադրեն գիտնականներին ծովածոցի մասին։
Տպավորիչ ստորջրյա լուսանկարներ ստանալու համար մասնագետներն օգտագործել են պլանշետով կառավարվող առաջին տեսախցիկը, որը բարձրորակ համայնապատկերներ է ֆիքսում։
«Շատերին թվում է, թե ծովածոցը որևէ հետաքրքիր բան չի կարող առաջարկել։ Սակայն մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ծովի հատակին ինչպիսի բազմազան կյանք կա։ Այստեղ կարելի է հանդիպել այնպիսի կենդանի օրգանիզմների, բույսերի ու ձկների, որոնց մասին մենք չգիտեինք նախկինում»,-ասել է ստորջրյա նկարահանումներին մասնակցող սուզորդներից մեկը։