Նա հիշում է այն պահը, երբ լուսանկարիչը մոտեցավ և լուսանկարեց իրեն: Նա հիշում է իր զայրույթը: Այդ մարդը օտարական էր: Նա դրանից առաջ երբեք չէր լուսանկարվել: Նրան վիճակված էր 17 տարի անց նորից հանդիպել այդ լուսանկարչին: Այդ 17 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չլուսանկարվեց: Լուսանկարիչը ևս հիշում է այդ պահը: Պակիստանի փախստականների ճամբարում այնքան շատ վրաններ էին դրված, որ ասեղ գցելու տեղ չկար: Դպրոցի վրանի ներսում լուսանկարիչն առաջինը հենց նրան նկատեց: Զգալով, որ նա ամաչկոտ է, լուսանկարիչն վերջում մոտեցավ նրան: Աղջիկն ասաց, որ ինքը համաձայն է լուսանկարվել: «Ես չէի կարծում, որ այդ աղջկա լուսանկարը էականորեն կտարբերվի մնացած լուսանկարներից, որոնք ես նկարել էի այդ օրը»: Լուսանկարիչը աշխարհահռչակ Սթիվ Մակքարին էր: 1984 թ.-ի այդ օրը նա վավերագրական ֆոտոշարք էր պատրաստում Աֆղանստանի փախստականների մասին: 

1985 թ.-ի հունիս ամսին այդ աղջկա դիմանկարը հայտնվեց «National Geographic» ամսագրի հունիսյան համարի շապիկին: Նրա կանաչ աչքերում կարելի է կարդալ հալածյալ երկրի ողբերգությունը: Նա հայտնի դարձավ իբրև աֆղան աղջիկ, և 17 տարի շարունակ ոչ ոք անգամ նրա անունը չգիտեր: Հունվար ամսին «National Geographic»-ի թիմը Մակքարիին Պակիստան տարավ՝ կանաչաչյա աղջկան փնտրելու համար: Թիմի անդամները ցույց տվեցին նրա նկարը Նասիր Բաղի տարածքում: Սա Փեշավարի մոտակայքում գտնվող փախստականների ճամբար է: Հենց այս ճամբարում էլ տարիներ առաջ Մակքարին հանդիպել էր աֆղան աղջկան: Դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց, որ ինքը գիտի աղջկա անունը: Նա ասաց, որ նկարում պատկերված աղջիկը Ալամ Բիբին է, որն ապրում է մոտակա գյուղում, սակայն Մակքարին չվստահեց ուսուցչի խոսքերին: 



Հայտնվեց մի այլ տղամարդ, ով պնդում էր, որ ճանաչում է նկարում պատկերված աղջկան: Մանկական տարիքում նրանք միասին էին ապրել ճամբարում: Մի քանի տարի առաջ աֆղան աղջիկը վերադարձել էր Աֆղանստան և ներկայումս ապրում էր Թորա Բորայի մոտակայքի լեռներում: Տղամարդն ասաց, որ կգնա նրա հետևից ու կվերադառնա նրա հետ: Երեք օր հետո նրանք ժամանեցին: Աֆղան աղջկա գյուղը սահմանից մոտ վեց ժամվա հեռավորության վրա է գտնվում: Երբ Մակքարին տեսավ նրան սենյակ մտնելիս, ինքն իրեն մտածեց. «Սա հաստատ նա է»: Աֆղան աղջիկն արդեն հասուն կին էր դարձել:

Պարզվեց, որ նրա անունը Շարբաթ Գուլա է: Շարբաթը զարմացավ, երբ իմացավ, թե ինչպիսի մեծ հաջողություն է ունեցել իր լուսանկարը: Հավանաբար նա ինքն էլ չի գիտակցում իր հայացքի զորությունը: Նա աֆղանական ամենամարտատենչ ցեղերից մեկից՝ պաշտուն ցեղից էր: Պաշտունի ժողովրդի մասին ասում են, որ նրանք միայն պատերազմելիս են խաղաղ: Գուցե հենց այդ պատճառով էլ կատաղությունը կայծկլտում է Շարբաթի աչքերում: Նա 28 կամ գուցե 29 կամ անգամ 30 տարեկան է: Ոչ ոք ստույգ չգիտի Շարբաթի տարիքը: Նա ինքն էլ չգիտի, թե կոնկրետ քանի տարեկան է: Մի վայրում, որտեղ ոչնչի մասին գրավոր արձանագրություն չի կազմվում, դժվար է հստակ տեղեկատվություն ստանալ:


Շարունակությունը՝ այստեղ: