Ծննդյան 90-ամյակի առթիվ ֆրանսահայ աշխարհահռչակ երգահան եւ շանսոնյե Շառլ Ազնավուրը կուրախացնի իր հայ երկրպագուներին' համերգային ծրագրով հանդես գալով Երեւանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Շախմատային Հայաստան» պարբերականի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է նշելու իր 90-ամյա հոբելյանը, աշխարհի ամենահայտնի հայը պատասխանել է. «Հավանաբար, համերգ ունենամ Հայաստանում: Տարբեր տեղերից են հրավիրում' Կանադա, Ֆրանսիա, ուրիշ երկրներ, բայց ես կարծում եմ' ճիշտ կլինի, որ Հայաստանում կազմակերպվի համերգը»,- ասել է նա:
Ազնավուրը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում խենթի պես սիրել է շախմատ խաղալ: «Վերջին անգամ շախմատ խաղացել եմ 35 տարի առաջ: Շախմատ խաղալ ինձ սովորեցրել է Միսաք Մանուշյանը»,- պատմել է Ազնավուրը' հավելելով, որ այսօր հետեւում է շախմատին նվիրված առաջնություններին' հայ շախմատիստներին երկրպագելու համար:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1000 երգ: Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմս» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ», արժանացել Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997): Աշխարհահռչակ երգիչը երբեք չի թաքցրել եւ միշտ հպարտացել է իր հայկական ծագմամ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 2009թ. մայիսի 5-ից նա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանն է։