91-ամյա ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Նիդեռլանդներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական՝charlesaznavour.com կայքը, երգիչը նոյեմբերի 22-ին հանդես կգա Ամստերդամի Heineken Music Hall-ում: Մինչ այդ լեգենդը ապրիլի 20-ի ն և 22-ին հանդես կգա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Այնուհետև մայիսի 7-ին Ազանավուրը ելույթ կունենա Մադրիդում, իսկ երկու օր անց՝ Սան Սեբաստիան քաղաքում:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:
2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: